Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Չինաստան մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան հետքայլ չի կատարելու ահաբեկչության դեմ պայքարում. «Թուրքիան կարող է դիմակայել ԴԱՒՇ-ի ու PKK-ի ահաբեկիչներին։ Թուրքիան տարբերություն չի տեսնում ԴԱԻՇ-ի ու PKK-ի միջև և շարունակելու է պայքարել նրանց դեմ»։
Անդրադառնալով Թուրքիայում «Քրդական հարցի» կարգավորման խնդրին՝ Էրդողանը հայտարարել է, որ ներկա պայմաններում անհնար է դարձել կարգավորման գործընթացի շարունակումը. «Եկեք նայենք կարգավորման գործընթացի սկզբին և ներկայիս իրավիճակին։ Մենք քայլերը սկսեցինք իմաստունների հանձնաժողով ձևավորելուց։ Կարգավորման գործընթացը գործարկվեց։ Խորհրդարանական ընտրություններում, սակայն, տեսանք այդ գործընթացին վնասող բաներ։ Այս երկրում մեր ազգային միասնությունը, եղբայրությունը սպառնալիքի տակ դնողների հետ հնարավոր չէ շարունակել կարգավորման գործընթացը»։
Էրդողանը խստորեն դատապարտել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը՝ նրան մեղադրելով PKK-ի հետ կապեր ունենալու և PKK-ի դեմ հանդես չգալու համար։









































