Այսօր Երևանում տեղի ունեցավ Հայաստանում մրցակցային դաշտի բարելավմանն ուղղված ԵՄ Թվինինգ ծրագրի եզրափակիչ համաժողովը: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ ԵՄ փորձագետները տարբեր միջոցառումներ են իրականացրել:
«Ծրագիրը ևս մեկ քայլ է տնտեսական մրցակցության ոլորտի և օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ»,- հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ նշելով, որ իրականացվել են մի շարք բարեփոխումներ, կիրառվել է եվրոպական փորձը:
Ըստ ծրագրի ղեկավար Վոլֆ-Դիտեր Պլեսինգի՝ ԵՄ Թվինինգ ծրագրի փորձագետների և հայ գործընկերների համատեղ ջանքերը հաջողված են. «Մենք լավ հիմքեր ենք դրել Հայաստանի մրցակցության մարմնի կարողությունների հետագա բարելավման և զարգացման համար: Համագործակցության ընթացքում էականորեն բարձրացել է հայ գործընկերների, տարբեր պետական կառույցների աշխատակիցների տեղեկացվածության աստիճանը»:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով՝ ԵՄ փորձագետների աջակցությամբ նոր փոփոխություններ են նախատեսվում ոլորտին առնչվող օրենսդրական փաթեթում: Ըստ նրա՝ 2008-2009 թթ. ՏՄՊՊՀ-ն կայացրել է պատասխանատվության ենթարկելու 31 որոշում, 2010-ին՝ 107, 2011-ին՝ 197, 2012-ին՝ 215, տուգանքների չափը կազմել է ավելի քան 245 մլն դրամ:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի