Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայում ուսումնասիրություններ է կատարում հավկիթի շուկայում, որտեղ Զատկից առաջ նախատոնական այս շրջանում արդեն նկատվում է թանկացում: Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, հրավիրել են մեծ ու փոքր արտադրողներին, զգուշացրել, որ գնային չհիմնավորված բարձրացումը մրցակցության խախտում է:
Շաբոյանը հայտնեց, որ շուկայի գերիշխողները ամեն օր տեղեկատվություն են ներկայացնում ՏՄՊՊՀ: Հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է գնային բարձրացումների հետ կապված ներկայացված փաստարկները:
Շաբոյանը հայտնեց նաև, որ վերջերս ավարտել են ձկան շուկայի ուսոմնասիրությունը, և պարզվել է, որ այստեղ երկու գերիշխողներ կան՝ «Յունիֆիշը» և «Մասիս ձուկը»: ՏՄՊՊՀ-ն այսուհետ նաև այս շուկայում է մոնիթորինգ կատարելու:







































