Չեխիան հանդես է գլաիս Սիրիայի ընդդիմությանը զենք մատակարարելու դեմ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը արտգործնախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստի շրջանակներում:
«Ես հանդես եմ գալիս ընդդեմ զենքի մատակարարման: Ես արդեն բազմիցս խոսել եմ այդ մասին և պնդում եմ: Զենքն այնտեղ ամեն տեղ բավարար է»,- ասել է արտգործնախարարը:
Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ Եվրամիությունը չի կարող շատ բան անել սիրիական հակամարտության համար, այլ կարող է միայն աջակցել բանակցություններին:
Շվարցենբերգի կարծիքով՝ Սիրիա զորք մտցնելը ոչինչ չի լուծի, անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումը հակամարտող կողմերի վրա՝ նրանց բանակցությունների սեղանի շուրջը նստեցնելու համար:
Արտգործնախարարը նշել է, որ եթե պատերազմը մինչև հիմա շարունակվում է, ապա արյունահեղությունն ավելի սարսափելի կլինի: «Սակայն երկու կողմերն էլ պետք է զգան ավելի շատ ճնշում, որոպեսզի նրանք իրականում փոխզիջման պատրաստ լինեն»,- հայտարարել է նա:
Շվարցենբերգի կարծիքով՝ ռազմական ներխուժման դեպքում Սիրիայում ավելի շատ զոհեր կլինեն: «Այն շատ բարդ երկիր է՝ փոքրամասնությունների և կրոնական համայնքների անհամար քանակությամբ: Այդ պատճառով ներխուժումն այնտեղ ոչ մի բանի չի օգնի»,- հավելել է Չեխիայի արտգործնախարարը:









































