Բրիտանիայի Բլեքփուլ քաղաքի 5-ամյա բնակիչ Չարլի Վուլլիի ընտանիքը տեղի հիվանդանոցի բժիշկներին մեղադրել է, որ նրանք 11 անգամ քաղցկեղով հիվանդ իրենց երեխային տուն են ուղարկել՝ առանց պատշաճ զննության,- հայտնում է Life News Online-ը:
Տղանի մայրը՝ Շերոն Վուլլին, 5 ամիս փորձել է հասնել բժիշկների ուշադրությանը, որոնք տղայի որովայնի ցավերը հոգեբանական խանգարմանն են վերագրել:
«3 տարեկանում Չարլիի մոտ ախտորոշեցին «Ասպերգերի սինդրոմ», որն աուտիզմի տեսակ է: Ի պատասխան իմ աղաչանքներին՝ նրանք երեխային նշանակեցին լուծողական ու ինձ ասացին, որ այդպիսի խնդիրները բնորոշ են նրա հիվանդությամբ տառապողներին»,- պատմել է տղայի մայրը:
Բժիշկները երեխայի որովայնը սքանավորել են միայն այն ժամանակ, երբ հուսահատ մայրը նրան տարել է հիվանդանոց ու հրաժարվել գնալ այնտեղից, մինչև երեխային չհետազոտեն:
«Այն ժամանակ Չարլին կարծես հղիության 9-րդ ամսում լիներ՝ այնքան մեծացել էր նրա փորը»,- հիշում է Շերոնը:
«Չարլիի որովայնում հայտնաբերեցին բասկետբոլի գնդակի մեծության ուռուցք: Այն ամբողջ ընթացքում, երբ ես փորձում էի հասնել բժիշկների ուշադրությանը, քաղցկեղը բառացիորեն ներսից ուտում էր իմ տղային: Այնքան էր ցավում: Սակայն ինձ ոչ ոք չէր լսում»,- ասել է Շերոնը:
Չարլին քիմաթերապիայի կուրս է անցել: Մասնագետները կարողացել են փոքրացնել ուռուցքի չափը, սակայն երեխան նախկինի պես վիրահատության կարիք ունի:
«Եթե նրան ավելի վաղ զննեին, մենք լիովին առողջանալու ավելի մեծ շանս կունենայինք»,- ասում է տղայի մայրը:
Երեխայի կյանքը փրկելու համար Վուլլի ընտանիքը սկսել է նվիրատվություններ հավաքել: Ծնողները հույս ունեն երեխայի ԱՄՆ տանել, որտեղ կհեռացնեն նրա ուռուցքը:
Բլեքփուլի հիվանդանոցի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել տեղի ունեցածը:











































