Lenta.ru-ի փոխանցմամբ՝ աքաղաղները ծուղրուղու են կանչում առավոտյան ժամերին կարգավիճակային հիերարխիայում իրենց դրությանը համապատասխան։ Առաջինն առավոտյան գալստյան մասին ազդարարում է ալֆա-արուն, ապա՝ ավելի ցածր կարգ ունեցողները։ Նման բացահայտման հեղինակը ճապոնացի կենսաբաններն են, որոնց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։
Գիտնականները որոշել են պարզել, թե աքաղաղներն ինչպես են հստակեցնում, թե ով պետք է առավոտյան առաջինը ծուղրուղու կանչի։ Փորձի ժամանակ գիտնականներն աքաղաղներին տարանջատել են մի շարք խմբերի, որոնց անդամները կռվել են միմյանց հետ՝ արուների հիերարխիայում բարձր տեղ ստանալու համար, ապա նրանց առանձնացրել են վանդակներում։ Պարզվել է, որ մշտապես առաջինը ծուղրուղու կանչում է ալֆա-արուն, իսկ մնացյալը սպասում են նրա ազդանշանին։











































