Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի համոզմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը ընդդիմության նոր կենտրոն ստեղծելուն միտված քայլ է: Ներկայացնում ենք մեր զրույցը նախագահի նախկին թեկնածու ու նախկին հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանի հետ:
– Ինչպե՞ս եք գնահատում անժամկետ հացադուլ հայտարարելու Րաֆֆի Հովաննիսյանի քայլը:
– Գրագետ քայլ է: Ես գտնում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ մեծ ուժով վերցրեց քաղաքական օրակարգն իր ձեռքը: Ողջունում եմ այդ քայլը:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում, որ նրա և շարժման շուրջը քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա այդպես էլ չեղավ:
– Քաղաքական չեղավ, քաղաքացիական կլինի: Կարծում եմ՝ էլի մարդիկ կմիանան հացադուլին:
– Իսկ Դուք պատրա՞ստ եք միանալ:
– Երևի՝ այո: Կյանքը ցույց կտա; Իրադարձություններից է կախված:
– Տեսակետ կա, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հանրահավաքային շարժումը մարում է քաղաքական կոնսոլիդացիայի բացակայության պատճառով:
– Քաղաքական կոնսոլիդացիա ասելով մենք միշտ ի նկատի ունենք կոնկրետ պառլամենտական կուսակցությունները: Իմ կարծիքով՝ այսօր ավելի շատ սպասելիք կա մյուս ուժերից, որոնք հիմա պիտի դրսևորվեն: Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը ընդդիմության նոր կենտրոն ստեղծելուն միտված քայլ է:
– Իսկ Ձեր կարծիքով՝ մյուս կենտրոններից կգա՞ն մարդիկ, քանի որ ակնհայտ է՝ մյուս կենտրոնները չեն ուզում զիջել իրենց դիրքերը:
– Մյուս կենտրոնները պիտի այս իրադրության մեջ որոշեն՝ ժողովրդի՞ կողքին են, թե՞ քրեաօլիգարխիկ համակարգի: Եվ այդ ջրբաժանը երևի կհստակեցնի ուժերի դասավորությունը: Դա շատ կարևոր է նման իրադարձությունների ժամանակ, որ հասարակությունը կարողանա կողմնորոշվել՝ վերջիվերջո՝ ով բարիկադի որ կողմում է:
– Որպես նախկին հացադուլավորի՝ ուզում եմ հարցնել, թե մինչև ապրիլի 9-ը, Ձեր կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանը կդիմանա՞:
– Դա երկրորդական հարց է, որը ինձ չպիտի տաք, որովհետև կարևորը Րաֆֆիի հայտարարած ծրագիրն է: Ես ասել եմ իմ կարծիքը. այդ ծրագիրը Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ է տալիս ձևավորել քաղաքական օրակարգը երկրում: Երբ բոլոր քաղաքական ուժերը կարծես թե արդեն շնորհեցին Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնը, Րաֆֆի Հովհաննիսյանը անձնապես վիճարկեց: Հիմա ամբողջ հայ ժողովուրդը, քաղաքական ուժերը, քաղաքացիական ուժերը, անհատները պիտի կողմնորոշվեն՝ շնորհավորո՞ւմ են Սերժ Սարգսյանին, թե՞ ընդվզում են դրա դեմ: Եվ ծրագիրը, գինը, արժեքը՝ ամեն ինչը սահմանված է: Ես գտնում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը այս առումով մեզ բոլորիս դնում է կողմնորոշման առջև: Ինքն իր դիրքորոշմամբ պարզ ասում է՝ Սերժ Սարգսյանը չպիտի լինի Հայաստանի նախագահ:
– Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը, ծրագիրը պա՞րզ են Ձեզ համար:
– Այո, պարզ են:
– Այսօր տպավորություն կա, որ քաղաքական դաշտն այնքան էլ լուրջ չի վերաբերվում Րաֆֆի Հովաննիսյանի շարժմանը:
– Ո՞վ է այդ քաղաքական դաշտը՝ Ծառուկյան Գագի՞կը լուրջ չի վերաբերվում, Լևոն Տեր-Պետրոսյա՞նը լուրջ չի վերաբերվում, թե՞ Սերժ Սարգսյանը: Մի հատ հեղինակավոր անուն ասեք, որի կարծիքը որևէ մեկի համար նշանակություն ունի, և ասեք՝ այս մարդը, ում կարծիքը մեզ բոլորիս համար ընդունելի է, այսպիսի բան է ասել Րաֆֆի Հովհաննիսյանի մասին, և մենք քննարկենք այդ հարցը: Էս պահի դրությամբ, իմ անձնական կարծիքով, հետևյալ իրավիճակն է՝ կամ ձեզ հետ, կամ առանց ձեզ: Այսպիսի սկզբունք կա: Րաֆֆին հայտարարել է էս ծրագիրը, մարդիկ այսօր համախմբվում են Հայաստանում երկիրը բերելու արմատական փոփոխության: Կամ միանում ես այս ծրագրին, կամ չես միանում: Դու որոշիր:








































