Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի Գարդաբանիի շրջանում երեկ իր աշխատանքներն է սկսել թուրքական կողմի մասնակցությամբ կառուցված գազի էլեկտրակայանը, որի հզորությունը կազմում է 230 մեգավատտ։
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից 39 կիլոմետր դեպի հարավ ընկած այդ էլեկտրակայանի կառուցումն արժեցել է 220 միլիոն դոլար։ Այն կապահովի Վրաստանի էներգետիկ կարիքների մոտ 15 տոկոսը։ Էլեկտրակայանի բացման արարողությանը մասնակցել է նաև Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, ով հայտարարել է, որ թուրքական Çalık Energy ընկերությունը նախագիծն իրագործել է գրաֆիկից երեք ամիս շուտ։
Յըլդըզի խոսքով՝ նման օբյեկտներն անհրաժեշտ են թուրք-վրացական էներգետիկ համագործակցության համար. «Կարծում եմ, որ այս նախագիծը ապագայում կհանգեցնի Թուրքիայի ու Վրաստանի միջև այլ նախագծերի»։
Էլեկտրակայանի բացման արարողությանը մասնակցել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով հայտարարել է, որ էլեկտրակայանը կնպաստի Վրաստանի էներգետիկ կախվածության նվազեցմանը։ Վրաստանը ներկայումս իրեն անհրաժեշտ էներգիայի 80 տոկոսը ներկրում է արտերկրից։ Չնայած նրան, որ Վրաստանում արտադրված էլեկտրաէներգիայի մոտ 85 տոկոսն է բաժին ընկնում հիդրոէլեկտրակայաններին, Վրաստանն օգտագործում է իր հիդրոպոտենցիալի միայն 1/5-ը։








































