Հանրապետական խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «անցած շաբաթվա ընթացքում, այսպես ասած, քաղաքական «տիտանները», ուղղակի կամ անուղղակի, իրենց հանդիպումների ժամանակ չեն կարողացել յոլա գնալ առանց երիտասարդ հանրապետականներին հիշելու»։ «Կա երկու պատճառ. նախ՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը կայացած կառույց է, որից նեղվում են առանձին քաղաքական ուժեր։ Երկրորդ՝ ընդդիմադիր ուժերի օրակարգը սպառվել է, և ասելիք ուղղակի չունեն։ Հարգելի՛ ընդդիմախոսներ, եթե ձեզ համար խնդիր են երիտասարդ հանրապետականները, ապա քաղաքական դաշտում, մեղմ ասած, անելիք չունեք և լուրջ նկրտումների էլ մի փորձեք ձգտել։ Ասելիքներս ավելի շատ են, սակայն դրանք՝ հացադուլի ավարտից հետո։ Պարզապես զգուշացեք, քանի որ ձեր անհեռանկար քայլերը քաղաքականության մեջ կարող են հանգեցնել Տիտանիկի ճակատագրին»,- գրել է Կ. Ավագյանը։
Դատելով պատգամավորի գրառումից՝ կարելի է եզրակացնել, որ իր գրությունը նա ուղղել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին, ով անցած շաբաթ երիտասարդ ՀՀԿ-ականներին «փոքրիկ և չարաճճի էր անվանել»: «Վերջում էլ այդ չարաճճի, փոքրիկ ՀՀԿ-ականներին, ովքեր Սերժ Սարգսյանի փոխարեն ինձ փորձում են նեղացնել, ես մի բան կասեմ` բարև, ձեր օրերը հաշված են, դուք շուտով փոքրամասնություն եք դառնալու ու կանգնելու եք դատարանի առջև»,- հայտարարել էր Ր. Հովհաննիսյանը:
Սակայն հիշեցնենք, որ անցած շաբաթ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարել էր, թե «Ծառուկյանին փուչիկ բռնող երիտասարդներ պետք չեն»: Այդպիսով ԲՀԿ ղեկավարը թեև անուղղակիորեն, բայց կարծես իր այդ խոսքն ուղղել էր ՀՀԿ-ի երիտասարդներին, ովքեր կուսակցական միջոցառումներին՝ հանրահավաքներին կամ նախընտրական միջոցառումներին, գրեթե միշտ փուչիկներով են ներկայանում:
Կ. Ավագյանը մեզ հետ հեռախոսազրույցում համաձայնեց, որ իր ֆեյսբուքյան գրառումն ուղղված է Ր. Հովհաննիսյանին, բայց չհաստատեց, որ այն ուղղված է նաև Գ. Ծառուկյանին. չէ՞ որ Գ. Ծառուկյանը կոնկրետ չէր ասել, թե իր խոսքը կոնկրետ որ երիտասարդներին է ուղղված: Կ. Ավագյանն էլ իր պատասխանն ուղղել էր ՀՀԿ-ի երիտասարդների մասին ուղղակի կամ անուղղակի ակնարկ անողներին:
– Պարոն Ավագյան, ո՞ւմ էր ուղղված Ձեր այդ հայտարարությունը:
– Այն մարդկանց, ովքեր իրենց հռետորիկայի մեջ առանձնացնում են ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության գործունեությունը և ընդհանրապես՝ մեր կազմակերպության երիտասարդներին: Ինձ թվում է, որ այդ մարդիկ կարդալով իմ գրառումը՝ անմիջապես կհասկանան, թե ինչի մասին է խոսքը:
– Անցած շաբաթ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե «մեզ փուչիկ» բռնող երիտասարդներ պետք չեն: Այնտեղ թեև ՀՀԿ-ի մասին հիշատակում չկար, բայց հասկանալի էր, որ խոսքն ուղղված էր ձեր Երիտասարդական կազմակերպության անդամներին: Դուք Գ. Ծառուկյանի այդ հայտարարությա՞նն եք պատասխանել:
– Ես չեմ կարծում, թե նա մեզ նկատի ուներ: Եթե մեզ նկատի ունենար, անվանական կհնչեր, և որևէ նման խնդիր չկա: Իսկ եթե մեզ չի վերաբերում, մեկնաբանությունների կարիք էլ չկա:
– Դուք զգուշանո՞ւմ եք Գ. Ծառուկյանին հակադարձելուց:
– Ես ձեր հարցին եմ պատասխանում:
– Ամեն դեպքում՝ ինչպե՞ս եք մեկնաբանում Ծառուկյանի այդ հայտարարությունը: Այն ուղղվա՞ծ էր ՀՀԿ-ի երիտասարդներին:
– Ես չեմ կարծում, թե այն ուղղված էր ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպությանը, որովհետև եթե այն ուղղված լիներ մեր երիտասարդներին, որևէ բան չէր խանգարի, որ անունը հնչեցնեին: Եթե հիշում եք նրա հայտարարությունը, այնտեղ խոսքը փուչիկ բռնողների մասին չէր: Հիմնական շեշտադրումը «գալստուկավոր երիտասարդների» և տարբեր այլ երիտասարդների մասին էր: Եվ չեմ կարծում, որ այդտեղ առանցքը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն է:
– ՀՀԿ-ի երիտասարդները «գալստուկ» չե՞ն կապում:
– Կան և կապողներ, և չկապողներ: Գալստուկ կապելը, համենայնդեպս, ամոթ բան չէ:
– Փուչիկ է՞լ չեն բռնում:
– Փուչիկ բռնում են բոլորը, այդ թվում նաև՝ Դուք, եթե դրա առիթը լինում է:
– Այսինքն՝ ՀՀԿ-ի երիտասարդներն է՞լ են փուչիկ բռնում:
– Այո, բռնում են բոլորը, եթե առիթ է լինում:
– Այսինքն՝ ԲՀԿ ղեկավարի խոսքն ուղղված էր նաև ՀՀԿ-ի երիտասարդներին, ովքեր առիթի դեպքում և փուչիկ են բռնում, և «գալստուկ» են կապում:
– Ես արդեն ձեր հարցին պատասխանել եմ:
– Միգուցե Գ. Ծառուկյանը համայն հայության երիտասարդների՞ն նկատի ուներ:
– Նա խոսում էր իր երիտասարդների հետ:
– Դուք նկատե՞լ եք, որ ԲՀԿ-ի երիտասարդները առիթի դեպքում ՀՀԿ-ի երիտասարդների նման և փուչիկ բռնեն, և «գալստուկ» կապեն:
– Ես շատ բան եմ նկատում: Ես ասացի, որ փուչիկ բռնելը և գալստուկ կապելը ամոթ բան չեն:
– Դուք հավանաբար վախենում եք Գ. Ծառուկյանին հակադարձել:
– Բացարձակ, ես պարզապես չեմ փորձում մեկնաբանել մի բան, որը մեզ չի վերաբերում: Իսկ ինչ վերաբերում է վախին, Դուք էլ գիտեք, որ մեր երկրում վաղուց վախի մթնոլորտը վերացել է:
– Այդ դեպքում Դուք հավանաբար պատասխանում եք Ր. Հովհաննիսյանին, քանի որ անցած շաբաթ նա ՀՀԿ-ի երիտասարդներին ուղղված ավելի բացահայտ հայտարարություններ էր արել, բայց զգուշանում եք պատասխանել Գ. Ծառուկյանին:
– Ես բոլորին պատասխանում եմ նույն ոճով: Ուղղակի անցած շաբաթ որոշ քաղաքական գործիչների մոտ իրենց քաղաքական հռետորիկայում, տեքստերում մի մեծ հատված ուղղված էր ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպությանը, և ես պատասխանեցի:
– Ուրեմն Ձեր այդ գրառումը վերաբերում է Ր. Հովհաննիսյանի՞ հայտարարություններին:
– Այդ թվում և նրան:
– Իսկ դա վերաբերո՞ւմ է Գ. Ծառուկյանի հայտարարությանը:
– Ես ձեր հարցերին արդեն պատասխանել եմ:








































