Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրում է Հայաստանում գործող միավորված վիզաների կենտրոնի գործունեությունը, և առաջիկայում հնարավոր է վարչական վարույթ հարուցվի, ինչը նաև պատասխանատվություն է ենթադրում: ՏՄՊՊՀ իրավաբանական վարչության պետ Հայկ Կարապետյանն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ուսումնասիրությունները սկսվել են քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա: Քաղաքացիները բողոքել են, որ դեսպանատներից իրենց ուղղորդում են վիզաների կենտրոն, որտեղ միայն փաստաթղթերը վերցնելու համար գանձում են 12 հազար դրամ գումար:
«Հանձնաժողովը ուսումնասիրությունների ժամանակ պարզել է, որ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև գործում է համաձայնագիր՝ վիզաների դյուրացման հետ կապված, որով նախատեսվում է, որ դեսպանատները կարող են համագործակցել արտաքին ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ, ինչպիսին միավորված վիզաների կենտրոնն է: Համաձայնագրով նախատեսվում է, որ այդ կազմակերպությունները կարող են գանձել գումարներ, ինչը պետք է լինի հիմնավորված և չպետք է գերազանցի 30 եվրոյին համարժեք դրամը: Տվյալ դեպքում 12 հազար դրամը չի գերազանցում 30 եվրոյին համարժեք դրամը, բայց հանձնաժողովը խնդրահարույց է համարում գումարի չափը, որը հիմնավորված չէ և չի համապատասխանում ընկերության կողմից իրականացվող ծախսերին և ողջամիտ շահույթին: Այսինքն՝ միայն քաղաքացիներից փաստաթղթեր գանձելը կարող է չենթադրել 12 հազար դրամի ծառայություն»,-ասաց ՏՄՊՊՀ իրավաբանական վարչության պետը:
Վերջինիս խոսքով՝ մյուս վիճահարույց կետը կապված է նրա հետ, որ ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև կնքված կետը դրույթ է նախատեսում, որ քաղաքացին կարող է անմիջականորեն դիմել դեսպանատուն իր վիզայի համար, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ դեպքերում դեսպանատների համապատասխան կայքում հերթագրվելու օրերը սպառված են, կամ ամսաթվերը ակտիվ չեն, որ քաղաքացին դիմի: «Հանձնաժողովը կարևոր է համարում, որ քաղաքացիները կարողանան օգտվել իրենց իրավունքից և դիմեն դեսպանատուն, իսկ եթե չեն ցանկանա, նոր դիմեն միավորված վիզաների կենտրոն»,- հավելեց Կարապետյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ ՏՄՊՊՀ-ն իրավասություն չունի ՀՀ-ում գործող դեսպանատների կամ հյուպատոսությունների գործունեությունը վերահսկելու և եթե վարույթ հարուցվի, ապա հանձնաժողովի ուսումնասիրության առարկա կարող է հանդիսանալ միայն միավորված վիզաների կենտրոնի կողմից գանձվող գումարի համաչափությունը, որը ենթադրում է նաև որոշակի պատասխանատվություն՝ նախազգուշացում կամ տուգանք:
Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանում գործող մի քանի դեսպանություններ (Լիտվա, Հունաստան) հրաժարվում են ընդունել քաղաքացիներին, ովքեր դիմում են վիզա ստանալու համար: Փոխարենը դեսպանատները քաղաքացիներին ուղղորդում են Սախարովի հրապարակում գործող միավորված վիզաների կենտրոն, որտեղ հատկապես այս սեզոնին սարսափելի հերթեր են: Չկա հերթը կանոնակարգող որևէ կարգ, ծառայությունների, սպասարկման մակարդակ, և դրան զուգահեռ, կենտրոնը քաղաքացիներից փաստաթղթերը ընդունելու համար գանձում է լրացուցիչ 12 հազար դրամ: Մինչդեռ Եվրամիության հետ Հայաստանի վիզային ռեժիմի դյուրացումից հետո նախկին 60 եվրոյի փոխարեն՝ եվրոպական երկրներ մուտքի արտոնագրերը ՀՀ քաղաքացիների համար այժմ արդեն 35 եվրո արժեն, իսկ որոշ երկրների դեպքերում էլ անվճար են:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:





































