«Նորմալ և ընկալելի ենք համարում հետընտրական պրոցեսները, և բոլոր քայլերը կատարվում են օրենքին և Սահմանադրությանը համահունչ: Չեմ կարծում, որ մեր երկրում կա ճգնաժամ, ընտրական պրոցեսներին հաջորդող պրոցեսներն ասում են, որ միշտ եղել են հանրահավաքներ, պարտվողները որոշակի քայլերով փորձում են որոշակի խնդիր լուծել։ Սա պետք է լինի օրենքի սահմաններում: Մենք ունենք բազմաթիվ փորձեր, որ պարտվողն արժնապատվորեն ձեռք է սեղմել: Դա էլ է քաղաքակրթություն: Այլ է, երբ 37 տոկոս հավաքածը 37 տոկոսը փորձում է ներկայացնել 50 և ավելի»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքերով՝ ընտրությունները մրցակցային էին, աննախադեպ: «Այս ընտրությունը ոչ թե քայլ առաջ էր, այլ բավականին ձեռքբերում մեր երկրի համար, քանի որ ունենալով բզկտված, մասնատված քաղաքական թիմ, ի վիճակի չէր Րաֆֆի Հովհաննիսյանը 37 տոկոս հավաքելու: Իհարկե, կա հիասթափություն, որը կապված չէ այս ընտրություններից, արդյունքներից, այլ՝ սոցիալական վիճակից»:
Հովհաննես Սահակյանն անդրադարձել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանին հանդիպելու Սերժ Սարգսյանի առաջարկին՝ ասելով. «Զանգել-ասել էին, որ ցանկություն կա հանդիպելու, պատասխանը եղավ, որ եկեք Ազատության հրապարակ: Այսինքն, այստեղ, եթե գնում ենք ձևի հետևից, ոչ թե բովանդակության, վտանգավոր իրավիճակ ենք ստեղծում: Պետք է քայլը ընդունել, ձեռքը սեղմել, գնալ ընդառաջ»:
Րաֆֆի Հովհանիսյանն, ըստ Հովհաննես Սահակյանի, միտումնավոր գնում է սրացման, շփոթ ստեղծելու:










































