Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չի բացառում ԵՄ-ի կողմից Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար առանց այցագրի ռեժիմի սահմանման հնարավորությունը 2016 թվականին։
«Ամեն ինչ կախված է նրանց ջանքերից և վճռականությունից։ Իհարկե, դա հնարավոր է, սակայն սա պաշտոնական խոստում չէ։ Մենք գտնվում ենք գործընթացի մեջտեղում։ Սակայն գործընթացը երկու երկրներում էլ՝ Վրաստանում և Ուկրաինայում, իսկապես խոստումնալից է»,- ասել է Տուսկը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրուցում։
Նրա խոսքով՝ ԵՄ հաջորդ գնահատականը Վրաստանի և Ուկրաինայի առանց այցագրի ռեժիմի վերաբերյալ կարող է անցկացվել նոյեմբերին. եթե «գործընթացը լինի նույնքան խոստումնալից, որքան այսօր, կարծում եմ՝ 2016-ին դա միանգամայն հնարավոր է»։
Տուսկը նշել է, որ «Արևելյան գործընկերության» ծրագիրը երբեք չի երաշխավորել անդամակցություն ԵՄ-ին, սակայն «Կիևը, Թբիլիսին և Քիշնևն ունեն երազանքի, այդ թվում՝ եվրոպական երազանքի իրավունք»։







































