Հունաստանի մի շարք ապրանքների ու ծառայությունների ավելացված արժեքի հարկն էականորեն բարձրացել է հուլիսի 20-ից՝ վարկատուների հետ երկրի հետագա ֆինանսական օգնության տրամադրման մասին Աթենքի համաձայնագրի շրջանակում։
Ինչպես հայտնում է Associated Press-ը՝ բազային սննդամթերքների (միս, մի շարք մսամթերքներ, բուսայուղ, կակաո, քացախ, աղ) ԱԱՀ-ն ավելացել է՝ 13 տոկոսից դառնալով 23 տոկոս։
2005 թվականին բազային սննդամթերքների ԱԱՀ-ն Հունաստանում եղել է 8 տոկոս, սակայն այդ ժամանակից ի վեր անշեղորեն աճում է։
Բացի այդ, հուլիսի 20-ից բարձրացել է ծաղկի, պարարտանյութի, միջատասպանների, անձեռոցիկների և ամենօրյա օգտագործման այլ ապրանքների վաճառքի հարկը։
Հույներին սպասվում է ռեստորանների ու սրճարանների ծառայությունների, սգո ծառայությունների, որոշ կրթական հաստատությունների, տաքսու վճարի թանկացում։
Հասարակական տրանսպորտի գինը, ինչպես սպասվում է, կբարձրանա օգոստոսի սկզբից։












































