Հուլիսի 19-ի առավոտյան հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրի՝ Բևերլի Հիլզում գտնվող տան լողավազանում հայտնաբերվել է 21-ամյա մահացած տղամարդու դի: Դերասանուհին, որը դեպքի պահին տանը չի եղել, մեկնաբանել է դեպքը, հայտնում է E! Online-ը:
«Ես բացարձակ շոկի մեջ եմ: Ես երկրի սահմաններից դուրս էի, երբ ինձ հայտնեցին ջախջախիչ նորությունը: Երեխայի կորուստը անհավատալի ողբերգություն է, և ես շատ ցավակցում եմ մահացածի հարազատներին ու ընկերներին: Ես բոլորին կոչ եմ անում հարգել յուրաքանչյուրի մասնավոր կյանքը, ում վրա ազդել է երիտասարդի մահը այդ բարդ ժամանակ»,- նշել է Մուրը:
Հաղորդվում է, որ 21-ամյա Էդենիլսոն Սթիվեն Ուելսի մարմինը հայտնաբերվել է կիրակի առավոտյան: 911 ծառայությունում անանուն զանգ է ստացվել, որից հետո դերասանուհու տուն են գնացել ոստիկանությունն ու շտապօգնությունը: Աղբյուրն իրավապահ մարմիններից մամուլին հայտնել է, որ կատարվածի հիմանակն վարկածը դժբախտ պատահարն է:
Դեմի Մուրի հարևանը TMZ պարբերականին հայտնել է, որ Դեմի Մուրի և Բրյուս Ուիլիսի բոլոր 3 աղջիկները հանգստյան օրերին տանն են եղել և ամեն օր երեկույթներ են կազմակերպել, որոնք տևել են մինչև խոր գիշեր: Միևնույն ժամանակ, իրավապահ մարմինների ներկայացուցիչը մամուլին հայտնել է,որ մարմինը հայտնաբերելու պահին տանը Մուրի ընտանիքից ոչ ոք չի եղել:










































