Մեքսիկայի ռազմածովային ուժերը ազատել են հանցագործների կողմից պատանդված և հյուսիսային Տամաուլիպաս նահանգի մասնավոր տներից մեկի տարածքում պահվող Սալվադորի և Հոնդուրասի 104 քաղաքացիներին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի ռազմածովային նավատորմի նախարարությանը:
Իշխանությունների տեղեկություններով՝ իրավապահ մարմինները հաղորդում էին ստացել, որ զինված անձիք այդ տուն են տարել մի քանի մարդկանց: Ռազմածովային ուժերի ջոկատը հայտնվել է այնտեղ ու հայտնաբերել Կենտրոնական Ամերիկայի երկու երկրի ավելի քան 100 քաղաքացու: Ազատ արձակվածների թվում 13 կին է եղել:
Մարդիկ պատմել են, որ հանցագործները առևանգել են իրենց և ուժով պահել տանը:
Նախկին պատանդներին ցուցաբերվել է օգնություն, նրանք կերակրվել են և տեղափոխվել Մեքսիկայի գլխավոր դատախազության նահանգային ներկայացուցչություն:









































