Իրանի կառավարությունն արգելել է կիրառել VPN (Virtual Private Network) համակարգը այն կայքերից օգտվելու համար, որոնք երկրում համարվում են վիրավորական և արգելափակված են համացանցի իրանցի օգտատերերի համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին:
Օգտատերերը VPN-ի միջոցով կարող էին միանալ արտասահմանյան ցանցերին, որոնցում իրանական սահմանափակումները չեն գործում:
«Մի քանի օրվա ընթացքում անօրինական VPN-կայքերը արգելափակվել են: Ներկա պահից կարելի է կիրառել միայն օրինական հաստատված համակարգերը»,- ասել է Իրանի խորհրդարանի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի ղեկավար Սոբհանի Ֆարդը:
Նշենք, որ 2013 թ. հունիսին Իրանում տեղի կունենան նախագահականա ընտրություններ: 2009 թ. ընտրություններից հետո երկրում տեղի ունեցան անկարգություններ, որոնք ամենախոշորն էին 1979 թ. իսլամական հեղափոխությունից հետո: Ցուցարարները սոցիալական ցանցերն օգտագործում էին «Կանաչ շարժման» հետ շփվելու համար:
Ենթադրվում է, որ Իրանի կառավարությունը արգելափակել է արգելված կայքերի հասանելիության միջոցները, որպեսզի թույլ չտա, որ կրկնվեն չորս տարվա վաղեմության իրադարձությունները:








































