Ադրբեջանական Trend.az կայքի փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է իր հրավերով Ադրբեջան ժամանած Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուին:
Նրանք ստորագրել են Ռումինիայի ու Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության շրջանակներում համատեղ գործողությունների պլանը:
Փաստաթղթերից մեկը կնքել են երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունները. այն վերաբերում է երկու երկրների գյուղական շրջանների զարգացմանը:
Երրորդ փաստաթուղթն առնչվում է առողջապահական և բժշկական գիտությունների ոլորտում երկու երկրների համագործակցությանը:
Բացի այդ, Ռումինիայի ու Ադրբեջանի արտգործնախարարությունների միջև կնքվել է համագործակցության մասին արձանագրություն: Ադրբեջանական կողմից այն ստորագրել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, իսկ ռումինական կողմից` արտգործնախարարության պետական քարտուղար Դորու Կոստեան:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա փետրվարի սկզբին Ադրբեջանն ու Ռումինիան կնքել էին էներգետիկ ոլորտին առնչվող մի հուշագիր, որով նախատեսվում էր ադրբեջանական հեղուկացված գազը Վրաստանի տարածքով (ապա Սև ծովով) առաքել Ռումինիա: