Վերջին երկու մրցաշրջանների ընթացքում Անգլիայի Պրեմիեր լիգայի գրանդ ակումբները իրենց հայացքը չեն կտրում «Սաութհեմպտոն»-ի մարզական ճամբարից: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Արսենալ»-ը և «Լիվերպուլ»-ը վերջին 12 ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ իրենց կազմը փորձում են ուժեղացնել հենց «սրբեր»-ի ֆուտբոլիստների միջոցով:
«Սաութհեմպտոն»-ը վերջին մեկ տարվա ընթացքում ֆուտբոլիստներին այլ ակումբներ ուղարկելուց ստացել է 132 ,5 միլիոն ֆունտի շահույթ: Առանձնացրել ենք այդ տրանսֆերներից մի քանիսը:
2013/14 թթ. մրցաշրջանը Լյուկ Շոուն անցկացրեց այնքան վստահ, որ «կարմիր սատանաներ»-ը 18-ամյա ֆուտբոլիստի համար 30 միլիոն ֆունտ վճարեցին «Սաութհեմպտոն»-ին: Ամեն դեպքում, Լուի վան Գալին Շոուն չկարողացավ զարմացնել: Արդյունքում նա հիմնականում հայտնվում էր պահեստայինների նստարանին:
Նույն ժամանակահատվածում իր ունիվերսալությամբ հիացնում էր անգլիական ակումբի մանկապատանեկան դպրոցի սան Ադամ Լալանան: Նրա տաղանդը գրավեց Բրենդան Ռոջերսին, ով 25 միլիոն ֆունտ վճարեց՝ անգլիացուն «Լիվերպուլ»-ում տեսնելու համար: Լալանան փոքրիկ, բայց վստահ քայլերով կարողացավ ամրապնդվել «բիթլեր»-ի կազմում ու դառնալ թիմի կարևորագույն խաղացողներից մեկը:

Բոլորովին վերջերս Լուի վան Գալի թիմը համալրվեց սաութհեմպտոնցի մեկ այլ ֆուտբոլիստով: Մորգան Շնայդերլինի համար հոլադացի մասնագետը վճարեց 25 միլիոն ֆունտ:
Բրենդան Ռոջերսը նախորդ մրցաշրջանում Սաութհեմպտոնից ևս մեկ ֆուտբոլիստի տեղափոխեց Լիվերպուլ: Խորվաթ պաշտպան Դեյան Լովրենը, երևի թե, «կարմիրներ»-ի մարզչի չստացված տրանսֆերների ցանկից է: Նույնը չեն կարող ասել սաութհեմպտոնցիները, ովքեր Լովրենի տրանսֆերից ստացան 20 միլիոն ֆունտ:
Կալում Չեմբերսի համար Լոնդոնի «Արսենալը» վճարեց 16 միլիոն ֆունտ: Վենգերը աջ եզրային պաշտպանից փորձեց կերտել կենտրոնական պաշտպան: 30-ամյա Չեմբերսը կարողանում էր տպավորել իր խաղով, բայց մրցաշրջանի վերջում մրցակցությանը դիմանալ չկարողացավ ու հայտնվեց պահեստայինների նստարանին:
Նաթանիել Քլայնը 2012-ին «Սաութհեմպտոն» տեղափոխվել էր 2,5 միլիոն ֆունտի դիմաց: Բոլորովին վերջերս Բրենդան Ռոջերսը իր թիմ «փախցրեց» նաև Քլայնին: Եվ ընդամենը երեք տարի անց «սրբեր»-ը նրա տրանսֆերից ստացան 6 անգամ ավելի շահույթ:
Դե իսկ վետերանի կարգավիճակ ստացած Րիկի Լամբերտը անցած մրցաշրջանում հայտնվեց «Լիվերպուլ»-ի կազմում: Շատ ճիշտ ժամանակին տիպիկ 9 համարի և անգլիական ֆուտբոլի ներկայացուցիչը «կարմիրներ»-ի ճամբար տեղափոխվեց 4 միլիոն ֆունտի դիմաց: Այստեղ 37 խաղում նա ընդամենը 3 գոլ խփեց:









































