Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանցի այաթոլլահ Մուհամմեդ Ալի Մովահեդի Քերմանին իրանական միջուկային ծրագրի հանդեպ արևմտյան երկրների պահանջները համարել է չափազանց մեծ։
Ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, որը հեռարձակվել է ռադիոյով, այաթոլլահը հայտարարել է, որ Թեհրանը միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելու է միայն այն դեպքում, եթե հանրապետության դեմ սահմանված պատժամիջոցները հանվեն անմիջապես, ապասառեցվեն արևմտյան բանկերում նրա ակտիվները, իսկ իսլամական հեղափոխության իդեալները մնան անփոփոխ։
Քերմանին հավելել է, որ միջուկային համաձայնագիրը ստորագրած երկրների մի մասն արժանի չէ վստահության, նրանք պահանջներ են ներկայացրել, որոնք Իրանի համար վիրավորական են, և որոնք հրաժարվել են կատարել իրանական պայմանները։ Մեկնաբանելով միջուկային գործարքից Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի հայտնած դժգոհությունը՝ Քերմանին ընդգծել է, որ դա նրա լավագույն ապացույցն է, որ Թեհրանը հաջողության է հասել։









































