Sputnik-Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ռուսթավի քաղաքի նորացված, ցածր ռիսկայնությամբ թիվ 16 բանտի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ այն համապատասխանում է միջազգային չափորոշիչներին։
«Բազում տարիներ այստեղ՝ հենց այս բանտում, գրանցվել են կտտանքներ, բռնաբարություններ, սպանություններ, անմարդկային վերաբերմունք։ Մենք վերջակետ ենք դրել բանտերում անմարդկային վերաբերմունքին և գործնականում իրականացրել ենք այդ համակարգի հեղափոխական վերակազմավորում»,- հայտարարել է նա։
Վարչապետի խոսքով՝ Ռուսթավիի բանտում իրենց պատիժն են կրում ավելի պակաս վտանգավոր բանտարկյալները, որոնք ապացուցել են, որ գնում են ուղղման ճանապարհով։ Դրա հետ մեկտեղ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ բանտն ունի «մեկ թերություն»՝ այնտեղ պակասում է Միխեիլ Սաակաշվիլին։
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ Վրաստանում հարուցված են քրեական մի շարք գործեր։ Բացի այդ, Վրաստանում ներպետական հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ։
Ավելի վաղ Սաակաշվիլին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մտադիր չէ անիմաստ ժամանակ վատնել Վրաստանում դատական քաշքշուկների վրա, և որ ոչ ոք լուրջ չի համարում իրեն ներկայացված մեղադրանքները։











































