Սալոնիկում հազարավոր մարդիկ ցույց են արել Հունասանում ոսկու հանքերի շահագործման դեմ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը, որի տվյալներով ցույցի էր դուրս եկել 9000, կազմակերպիչների տվյալներով՝ 12 հազար մարդ:
Երթին իրենց աջակցությունն է հայտնել խորհրդարանական երեք կուսակցություն, ներառյալ պաշտոնական ընդդիմությունը՝ ի դեմս ձախ արմատական ՍԻՐԻԶԱ կուսակցության: Զուգահեռաբար ցույցեր են անցկացվել երկրի համալսարաններում՝ բաժինների թվի կտրուկ կրճատման կառավարության ծրագրեր դեմ: Ցույցը խաղաղ ընթացք է ունեցել:
Ցուցարարները հայտարարել են, որ հանքերի շահագործումը կվնասի բնությունը և ոչ մի շահ չի բերի երկրին:
Կանադական Eldorado Gold ընկերությունը ստացել է Խալկիդիկի թերակղզու ոսկու հանքերի շահագործման իրավունքը: Հանքերի մշակման աշխատանքները կարող են սկսվել արդեն մոտ ժամանակներս:
Կապալառուն խոստանում է Հունաստանը վերածել Եվրոպայում ոսկու խոշորագույն արտադրողի: Կառավարության ծրագրերը տեղի բնակիչների զայրույթն են հարուցել: Փետրվարին մի խումբ մարդիկ ներխուժել էին ոսկու հանքի տարածք և հրդեհել այն՝ պատճառելով միլիոնավոր դոլարների վնաս: