Իրանի Միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը ստվերել է ներքին ու արտաքին գրեթե բոլոր զարգացումները: Այս համաձայնության պատմականությունը գրեթե դժվար է գերագնահատել: Այնուհանդերձ, այս իրադարձությունը որևէ տեսանկյունից ոգևորությունից բացի, առաջացնում է մտորելու, լուրջ հարցերի վերաբերյալ ծանրակշիռ քննարկումներ իրականացնելու անհրաժեշտություն:
Եվ խոսքն առաջին հերթին վերաբերում է նաև Հայաստանին, որը այս համաձայնության գլխավոր շահառուներից մեկն է տարիներ շարունակ: Սակայն, սրանով հանդերձ հենց առաջին հարցը, որ առաջանում է, այն է, թե իսկ ի՞նչ է փոխվում Հայաստանի համար այս համաձայնությամբ: Այն, որ բացվում են տնտեսական և քաղաքական ահռելի հեռանկարներ՝ անհերքելի է, եթե իհարկե՝ Իրանի հանդեպ պատժամիջոցները վերանում են, և Թեհրանը վերադառնում է միջազգային տնտեսա-քաղաքական լիարժեք հարաբերությունների: Սակայն մյուս կողմից՝ մենք չպետք է մոռանանք մի պարզ իրողություն, որը կապված է Եվրասիական միության հետ:
Հայաստանն այս միության անդամ է, այսինքն՝ ըստ էության Հայաստան որպես այդպիսին չկա Իրանի հետ սահմանին, կա արդեն ԵՏՄ-ի սահման, և հարաբերվողը, մեծ մասամբ, արդեն Հայաստանը չէ, այլ ԵՏՄ-ն: Հայաստանն ինքնին ԵՏՄ-ում անհետաքրքրության առարկա է, ինչի մասին են վկայում, օրինակ, ԵՏՄ-ի Հայաստանով կամ առանց Հայաստանի անցկացվող գագաթնաժողովները, սակայն երբ բանը վերաբերում է Իրանի սահմանին, ապա այստեղ, իհարկե, ԵՏՄ-ն Հայաստանին չի թողնի ուշադրությունից դուրս՝ առաջին հերթին այն պատճառով, որ հայ-իրանական հարաբերությունը զուտ երկկողմ լինելուց զատ, նաև ունի ահռելի տարածաշրջանային նշանակություն:
Այդ հարաբերության զարգացումը մի շարք գործոնների արդյունքում կարող է փոխել ոչ միայն ամբողջ Հարավային Կովկասի, այլ նույնիսկ ավելի լայն ընդգրկումով ռեգիոնալ պատկերը՝ և՛ տնտեսության, և՛ քաղաքականության իմաստով: Սա, իհարկե, հինգ րոպեի, հինգ օրերի կամ հինգ տարիների գործ չէ, սակայն աշխարհում հաշվարկներն արվում են տասնամյակների հեռանկարով, և հայ-իրանական հարաբերության պոտենցիալն այստեղ չափազանց մեծ է: Իսկ վերանայել Հարավային Կովկասի պատկերը՝ նշանակում է վերանայել այստեղ ռուսական կայսերական գերազդեցությունը՝ կա՛մ դուրս մղելով Ռուսաստանին ընդհանրապես, կա՛մ Մոսկվային թելադրող, գերակա, խաղացողից վերածել ընդամենը խաղացողներից մեկի:
Ռուսաստանի համար և՛ Հայաստանը, և՛ Իրանն ունեն առանցքային նշանակություն: Հայաստանը միակ հաստատուն «ոտքի տեղն» է, որտեղ Ռուսաստանն անում է գործնականում այն, ինչ կամենում է: Իրանի պարագայում, Ռուսաստանի համար հետաքրքրություն էր Իրան-Արևմուտք հակադրությունը, քանի որ այդպիսով Մոսկվան Թեհրանի համար դառնում է որոշակի «պատվար»: Իսկ դա հնարավորություն է տալիս շատ թե քիչ թելադրել Իրանին: Երբ Իրանը դուրս է գալիս Արևմուտքի հետ հակադրության ռեժիմից, նշանակում է դուրս է գալիս նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում առավելապես թելադրվողի ռեժիմից, թեև Իրանը, մեծ հաշվով, այդպես էլ թույլ չտվեց Մոսկվային կանգնել վճռորոշ թելադրողի դիրքերում:
Այդուհանդերձ, մի բան է Իրանը, որն ունի Արևմուտքի հետ խնդիր և գտնվում է տնտեսական լուրջ պատժամիջոցների տակ, մեկ այլ բան է Իրանը, որն այդ խնդիրը չունի, որի ձեռքերը տնտեսական առումով ավելի ազատ են, և որը կարող է վարել ավելի ազատ տարածաշրջանային քաղաքականություն: Սակայն այստեղ, ահա, Ռուսաստանը կարող է գործի գցել Եվրասիական մեխանիզմը՝ օղակը, որ հագցրել է Հայաստանի ձեռքերին, կապել դրանով ձեռքերը: Եվրասիական միությունը կդառնա այն «վերահսկիչ» կառույցը, որը միանգամայն լեգիտիմորեն, իրավականորեն կկանոնակարգի, կհսկի հայ-իրանական հարաբերությունների ընթացքը այնպես, որ այդ հարաբերությունները դուրս չգան այն շրջանակից, որն այլևս ձեռնտու չէ կամ վտանգ է ռուսական կայսերական գերազդեցության համար:
Ահա այդ իմաստով, շատ կարևոր է ներկայումս հասկանալ, թե Եվրասիական միության անդամ Հայաստանն Իրանի հետ նոր իրավիճակում հարաբերության ինչ հնարավորություններ ունի, ինչ սահմանափակումներ կան, որքանով են դրանք հակասում Հայաստանի և Իրանի պետական շահերին, որքանով են խոչընդոտելու երկու երկրների հարաբերության լիարժեք զարգացմանը: Միֆը, թե Հայաստանը կարող է օգտվել Եվրասիական միության և Իրանի հարաբերություններից, մեղմ ասած, քարոզչական պարզունակ կերակուր է լյումպեն սեգմենտի համար, որը գուցե շատ է Հայաստանում, սակայն դրանից ոչ թե նվազում, այլ ավելանում է իրավիճակի հակասությունը Հայաստանի պետական շահին ու անվտանգությանը:
Բանն այն է, որ եթե անգամ Եվրասիական միությունն Իրանի համար հետաքրքրություն է ներկայացնելու, ապա դա ամենևին Հայաստանի մասով չէ: Հայաստանը Թեհրանի համար ունի լիովին այլ նշանակություն և կարևոր է հենց տարածաշրջանային խաղի գործընկերոջ իմաստով: Իսկ այդ խաղը Իրանն ուզի, թե ոչ, վարելու է Ռուսաստանի դեմ, այլապես Իրանն անկարող է լինելու ավելացնել իր կշիռը Կովկասում: Թեհրանում անկասկած հասկանում են այդ փաստը:
Խոսքն, անշուշտ, Ռուսաստանի հետ ճակատային բախման մասին չէ, այլ նուրբ մրցակցության: Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի ԵՏՄ անդամությունը մեր պետությանն այս իրավիճակում զրկում է անգամ հավասարակշիռ քաղաքականության հնարավորությունից և այդ մրցակցության հեռանկարում դարձնում ԵՏՄ-ի ռուսական գործիքն ընդդեմ Իրանի: Ու դա այն դեպքում, երբ Հայաստանի պարագայում նույն այդ հավասարակշռության անհրաժեշտությունն ուղղակիորեն պահանջում է առաջին իսկ առիթի դեպքում լայն թափով ծանրացնել իրանական ուղղությունը, ռուսական նժարն առնվազն հավասարակշռելու համար: Իսկ դա իր հերթին նշանակում է քայլեր թե՛ երկրի ներսում՝ բարեփոխումների ուղղությամբ, թե՛ արտաքին ասպարեզում:










































