Նրանք, ովքեր դեմ են արտահայտվում Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրին, պետք է այլընտրանք առաջարկեն՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Իրանն ու միջազգային բանակցորդների «վեցյակը» երեկ պատմական համաձայնության էին հասել իրանական ատոմի բազմամյա խնդրի կարգավորման շուրջ։
Բազմամսյա բանակցություններն ավարտվեցին գործողությունների համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի կատարումն ամբողջությամբ Իրանի վրայից կհանի ՄԱԿ ԱԽ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները։
Քերին նշել է, որ պատժամիջոցները չէին կարող հավերժ շարունակվել։ Նրա խոսքով՝ պատժամիջոցներն արել են իրենց գլխավոր դերը՝ Իրանին նստեցրել են բանակցային սեղանի շուրջ։
Քաղաքական գործիչը նաև հայտարարել է, որ Իրանի ու միջազգային միջնորդների «վեցյակի» միջև համաձայնագիրը «պատմական» է, սակայն նշել է, որ ամենագլխավորը համաձայնագրի պայմանների իրագործումն է։







































