Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնեցրել են հունական ֆինանսական ճգնաժամի խնդրի փոխզիջումային լուծում։ Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով խորհրդակցությունների ներկա աղբյուրներին։
«Ձեռք է բերվել քառակողմ համաձայնագիր, որը կներկայացվի եվրոգոտու 19 երկրների քննարկմանը»,- ասել է անանուն աղբյուրը։
Տուսկի ներկայացուցիչը Twitter-ում գրել է, որ այդ փոխզիջումային առաջարկը կքննարկվի երկուշաբթի գագաթնաժողովին։
Դրան զուգահետ հունական պատվիրակության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ մի շարք խնդիրներ դեռևս մնում են չլուծված։
«Մենք պայմանավորվածությունների չենք հասել, քանի որ երկու մեծ հարց բաց է մնում՝ ԱՄՀ-ի և Լյուքսեմբուրգի հիմնադրամի դերը 50 մլրդ եվրոյում»,- նշել է նա։








































