«Առաջին լրատվական-ի զրուցակիցն է Լատվիայի խորհրդարանի «Միասնություն» կուսակցության պատգամավոր Օյարս Էրիկս Կալնինշը:
–Պարո՛ն Կալնինշ, Դուք գիտեք, որ 2013-ին Հայաստանը հանկարծակի որոշեց դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ: Ի՞նչ եք կարծում, որպես ԵՏՄ անդամ երկիր, մենք ունե՞նք հնարավորություն Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները սերտացնելու:
–Եվրամիությունը բազմիցս հայտարարել է, որ ոչ ոք ԵՄ-ի հետ համագործակցությունից դուրս չի մնա: Հայտնի չէ, թե Եվրասիական տնտեսական միությունն ուր է գնում, բայց իհարկե բոլոր պետությունները կարող են ընտրություն կատարել՝ ում հետ գործակցել՝ ԵՄ-ի՞, թե՞ Եվրասիական տնտեսական միության: Ըստ իս՝ անգամ լինելով Եվրասիական տնտեսական միության կազմում՝ Հայաստանը կարող է Եվրամիության հետ տարբեր ճանապարհներով համագործակցել: Հայաստանը եվրոպական երկիր է՝ դա քննարկման ենթակա չէ:
Ես հաստատակամորեն պաշտպանում են արևելյան գործընկերության ծրագիրը, որտեղ Հայաստանը ներառված է՝ դա ողջունելի է: Լատվիան շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, Լատվիայում շատ հայեր են ապրում: Ես չեմ կարծում, թե Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու պատճառով՝ Եվրամիության հետ հարաբերությունները պետք է ընդհատվեն: Ես լավատես եմ և ողջունում եմ Եվրամիության հետ համագործակցությունը:
–Դուք նշեցիք արևելյան գործընկերությունը, բայց կան մեկնաբանություններ, որ Արևելյան գործընկերությունն ինքնին այդքան էլ կարևոր չէ Եվրամիության համար: Համաձա՞յն եք այդ տեսակետներին։
–Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ: Արևելյան գործըներությունը վերջերս գագաթաժողով անցկացրեց Ռիգայում: Եվրամիության անդամ բոլոր 28 երկրների ղեկավարները եկան, բացառությամբ գուցե 1-2-ի: Դա նշանակում է, որ աևելյան գործընկրությունը Եվրամիության համար կարևոր է: Մենք այնտեղ 6 գործընկեր ունենք, բոլորն էլ հետաքրքրված են Եվրամիության հետ գործակցությամբ՝ գուցե տարբեր ձևերով: Կարող է մի երկրի հետ ավելի խոր գործակցություն է, մի երկրի հետ միայն առևտրային, մյուսի հետ՝ կրթության ոլորտում: Ըստ իս՝ արևելյան հարևանությունը շատ կարևոր է, և Լատվիայի համար առաջնահերթություն է՝ մեր նախագահության ընթացքում:
–Հայաստանն անվտանգության հսկայական խնդիր ունի: Մենք անդամագրվել ենք Եվրասիական տնտեսական միությանը ոչ այնքան տնտեսական առավելությունների, այլ չլուծված ղարաբաղյան հակամարտության պատճառով: Ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ է Եվրամիությունը կամ ՆԱՏՕ-ն անվտանգության որևէ ձևաչափ առաջարկեն այս տարածաշրջանի համար։ Վրաստանը ևս այդ խնդիրն ունի, ցանկություն ունի անդամագրվել ՆԱՏՕ-ին, բայց առայժմ ոչ մի տեղաշարժ չկա այդ ուղղությամբ:
–Այո՛, դա ակնհայտ է, և անկեղծորեն ասեմ՝ շատ բարդ հարց է: Մենք Երևանում հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բազմաթիվ հարցեր քննարկեցինք: ՆԱՏՕ-ն այդ հակամարտության մեջ մեծ դեր չունի, այդ հակամարտությունը պետք է դիվանագիտական լուծում ստանա: Մենք տարբեր հակամարտությունների հետ ենք առնչվում Վրաստանում, Մոլդովայում:
Հաճախ ասում են՝ ինչո՞ւ Եվրամիությունը չի լուծում այդ հակամարտությունները։ Բայց Եվրամիությունը ստեղծված չէ հակամարտություն լուծելու համար: Ընդհանրապես ոչ միայն Եվրամիության, այլ ամբողջ աշխարհի երկրների հետաքրքրությունների առաջնահերության մեջ պետք է լինի բռնությունը կանխելը, որպեսզի մարդիկ կարողանան նորմալ կյանքով ապրեն:
–Լատվիան Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ի՞նչ եք կարծում այդ խումը կարո՞ղ է օգնել հասնելու հակամարտության կարգավորմանը, թե՞ երկու երկրների քաղաքական կամքն է հարկավոր: Կան տեսակետներ նաև, որ Ռուսաստանը չի ուզում, որ հակամարտությունը կարգավորվի՝ հարավային Կովկասում մշտապես իր ներկայությունն ունենալու համար:
–Այո՛, քանի դեռ Ռուսաստանը ներգրավված է այստեղ, ես կասկածում եմ, որ Ռուսաստանի հետաքրքրություններն անկեղծ են: Ոչ միայն այս, նաև այլ հակամարտություններում՝ օրինակ՝ ուկրաինական ճգնաժամում:
Ղարաբաղյան հակամարտության հետ կապված՝ իհարկե կա քաղաքական կամքի բացակայություն՝ ավելի շուտ զիջումների չգնալու խնդիր: Երկու կողմն էլ որոշակի սկզբունքներից պետք է վեր կանգնեն: Իմ կարծիքով՝ եթե որոշ սկզբունքներից վեր կագնենք, մարդկային կյանքեր կփրկվեն: Մարդկանց կյանքն ավելի կարևոր է, քան սկզբունքները: Երկու երկրները չպետք է անցյալով ապրեն, անցյալը ստիպում է բաց թողնել ապագան։









































