Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հավանության չի արժանացնում Հունաստանի նոր առաջարկությունները` դրանք անբավարար համարելով: Այս մասին հաղորդում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:
«Դրանք բավարար չեն երկրի տնտեսության արդիականացման և երկարատև տնտեսական աճ, կայուն զարգացում ձեռք բերելու համար»,- կարծում է գերմանացի նախարարը: Նրա կարծիքով` տվյալ առաջարկությունները չեն կարող բոլորովին նոր, եռամյա ֆինանսական օգնության ծարգրի հիմքը դառնալ:
Համաձայն նախարարության հայտարարության` Հունաստանը մի քանի ելք ունի ստեղծված դրությունից: Երկիրն անհապաղ պետք է փոխի առաջարկությունները, ինչպես նաև 50 մլրդ եվրո գումարի պետական ակտիվները փոխանցի եվրոգոտու թիրախային հիմնադրամ` դրանով մարելով պարտքի մի մասը:
Ըստ մեկ այլ տարբերակի` Աթենքը բանակցություններում պետք է ընդմիջում վերցնի և մոտ 5 տարով լքի եվրոգոտին, քանի դեռ չի մարվի երկրի պարտքը: Սակայն Հունաստանը կմնա ԵՄ անդամ և կկարողանա ստանալ «մարդասիրական ու տեխնիկական» օգնություն:











































