Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ուրբաթ այցելել է բոլիվիական Սանտա Կրուս քաղաքի «Պալմասոլա» տղամարդկանց բանտ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Հովվապետը պաշտոնական այցով գտնվում է Բոլիվիայում՝ Լատինական Ամերիկայի երկրներ ուղևորության շրջանակում։
«Ես չէի կարող գնալ Բոլիվիայից՝ առանց ձեզ տեսնելու»,- դիմել է հովվապետը բանտարկյալներին և նրանց ընտանիքի անդամներին։ Հանդիպմանը մասնակցել է մոտ 2800 կալանավոր։
Իր ելույթում Պապը հանդես է եկել հօգուտ բանտարկյալների կրթության մատչելիության և բանտի գերբեռնվածության նվազման։ Դրանից հետո նա բեմի վրա անձամբ շփվել է երեք կալանավորների հետ։
«Պալմասոլան» Բոլիվիայի խոշորագույն բանտն է։ Այնտեղ պահվում են ավելի քան 5000 բանտարկյալներ։ 2013 թվականին բանտում տեղի է ունեցել ապստամբություն, որի հետևանքով զոհվել է 31 կալանավոր։









































