Rolling Stone ամսագրում հայտնվել է «Roger Waters: The Wall» փաստագրական ֆիլմի թրեյլերը: Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Շոն Էվանսը և Ռոջեր Ուոթերսը: Այն նվիրված է 2010-2013 թվականներին Pink Floyd պրոգրեսիվ ռոք խմբի հիմնադիրներից մեկի The Wall լեգենդար ալբոմի համերգների շարքին, հայտնում է lenta.ru-ն:
Ի լրումն The Wall Live շրջագայության կենդանի ելույթների՝ ֆիլմում տեղ է գտել նաև Pink Floyd-ի թմբկահար Նիկ Մեյսոնի հետ հարցազրույցը: The Wall Live համարվել է 2011-2012 թվականների ամենաեկամտաբեր շրջագայությունը (անցնելով Մադոննայի սահմանած ռեկորդին): Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում 2014 թվականի սեպտեմբերին:
The Wall ալբոմը թողարկվել է 1979 թվականին և 23 անգամ դարձել պլատինե: Կառուցվածքով այն մոտ է ռոք-օպերայի և նվիրված է ժամանակակից մարդուն: Գաղափարի հեղինակը Ռոջեր Ուոթերսն է, ում մտահղացմամբ պետք է քանդվի պատը` որպես սիմվոլ մարդկանց մեջ օտարացման և սահմանի:









































