Սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարման մոդելի փոփոխությունը կհանի «առաջին դեմքի» պաշտոնի սահմանափակումները, և եթե ներկայումս նախագահի պաշտոնին երկու անգամ անընդմեջ առաջադրվելուց հետո կա սահմանափակում, ապա վարչապետի կամ ԱԺ նախագահի պաշտոնի դեպքում դա չի լինելու:
Այստեղ, իհարկե, հասկանալի է, որ ընտրական մանդատի, ներկայացուցչականության խնդիրը, տրամաբանությունն է փոխվում, և մանդատը ստանում է արդեն ոչ թե անձը, այլ քաղաքական ուժը: Սակայն դե յուրե այս իրողության պարագայում Հայաստանի առումով առավել կարևոր է դե ֆակտոն, քանի որ Հայաստանի քաղաքական ուժերն ըստ էության անձի շուրջ կառուցված ուժեր են, հետևաբար սա նշանակում է, որ սահմանադրական նոր մոդելը անձնիշխանության ինչ-որ առումով հարատևության մոդել է:
Եվ այստեղ, բնականաբար, սրվում է հարցը՝ կապված Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության հետ: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ վարչապետ չի առաջադրվելու: Նա չի հայտարարել ԱԺ նախագահ չառաջադրվելու մասին, սակայն կարծես թե արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ երկրի «առաջին դեմքը», առնվազն Գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է լինելու:
Եվ ուրեմն՝ եթե Սերժ Սարգսյանը չի առաջադրվելու վարչապետ, հավատարիմ մնալով իր խոսքին, կնշանակի, որ նա այդ պաշտոնի համար պետք է պատրաստի իր ժառանգորդին: Սրանով հանդերձ՝ հարց է առաջանում, թե այդ ժառանգորդը քանի՞ ժամկետ է մնալու վարչապետի պաշտոնում: Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ամեն խորհրդարանական ընտրության մի նոր ժառանգո՞րդ է պատրաստելու, թե՞ մեկը շարունակելու է պաշտոնավարումը տարիներ շարունակ, տասնամյակից ավելի:
Կայացած քաղաքական համակարգերի, ընտրական համակարգերի պարագայում խնդիր լինել չէր կարող՝ եթե հասարակությունն ընտրում է, ապա թող պաշտոնավարի տվյալ ուժի միևնույն վարչապետը թեկուզ տասնամյակներ. երկարակյաց վարչապետների օրինակներ պատմությանը շատ են հայտնի: Սակայն Հայաստանում հասարակությունը չի ընտրում, և երբ հանվում են սահմանափակումները, սա նշանակում է, որ մեկ անձը կարող է հասարակության վերահսկողությունից դուրս գալ և ստանալ ցմահ իշխանության հնարավորություն: Եվ արդեն ըստ էության կարևոր չէ՝ սա կլինի Սերժ Սարգսյա՞նը, թե՞ որևէ այլ անձ: Կարևորն այն է, որ անձերի գերդերակատարություն ունեցող քաղաքական համակարգում, կուսակցական համակարգում վերացվում է անվերջ իշխանության սահմանադրական սահմանափակումը: Իսկ սա իր հերթին առաջ է բերում երկու վտանգ, որից առաջինի մասին շատ է խոսվում, իսկ ահա երկրորդի մասին՝ ոչ: Մինչդեռ երկրորդ վտանգը երևի թե, մեղմ ասած, պետք չէ դուրս թողնել ուշադրությունից:
Առաջինը, բնականաբար, անձնիշխանության հավերժականության, ցմահ իշխանության վտանգն է՝ չկայացած և չգործող ընտրական ինստիտուտի պարագայում: Երկրորդ վտանգը քաղաքական ահաբեկությունների և սպանությունների վտանգն է, որ կարող է աճել Հայաստանում: Եվ սահմանադրական վերամոդելավորման հեղինակներին անպայմանորեն հարկ է ուշադրության արժանացնել սույն հանգամանքը:
Խնդիրն այն է, որ Գերագույն գլխավոր հրամանատարի կամ առաջին դեմքի համար սահմանադրական երկժամկետ սահմանափակումը որոշակիորեն կարգավորիչ հանգրվաններ են ստեղծում թեկուզ ընտրակեղծիքով վերարտադրվող իշխանական համակարգում ներքին փոխհարաբերությունների առումով: Իսկ նմանօրինակ համակարգերը, որոնք սահմանադրականության վրա չեն հիմնված, ըստ էության ժամանակ առ ժամանակ ունենում են նման կարգավորման կարիքներ, այսպես ասած՝ գոնե ներքին ժողովրդավարական մեխանիզմներ: Եվ այստեղ, իհարկե, ժամկետային սահմանափակումը իր դրական դերն էր խաղում որոշակի ռոտացիայի միջոցով ներհամակարգային լարվածությունների զգալի թուլացման, լիցքաթափման համար, ինչքան էլ որ նախագահական «փայտիկի» փոխանցումը անցնում էր ներհամակարգային լուրջ հակադրությունների միջոցով:
Երբ սա վերանում է և անձին տրվում է անսահմանափակ ժամկետի հնարավորություն, ապա այստեղ կարող է խախտվել ռոտացիոն «շանթարգելի» գործոնը, և «շանթարգելը» կարող է փոխարինվել հրազենով՝ անձերի հարցերը լուծելու համար: Իսկ Հայաստանի իշխանական համակարգը իր բնույթով, մեղմ ասած, հեռու չէ նմանօրինակ մշակույթից և մտածողությունից:







































