Եվրասիական տնտեսական միությունն ակնկալում է մինչև տարեվերջ ՄԱԿ-ում դիտորդ-կազմակերպության կարգավիճակ ստանալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման հիմնական ուղղություններով և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան։
Նրա խոսքով՝ ներկայում ընթանում է նախապատրաստություն՝ ուղղված համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայում համապատասխան բանաձևի ընդունմանը։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
Ինչպես ասել է Վալովայան՝ արդեն ստորագրված են ըմբռնման հուշագրեր համաշխարհային կազմակերպության բոլոր հիմնական կառույցների հետ, մասնավորապես՝ Առևտրի և զարգացման հարցերով ՄԱԿ-ի խորհրդաժողովի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի։
«Փորձում ենք միավորել ջանքերն այն ուղղություններով, որոնք մեզ մոտ ընդհանուր են՝ տնտեսական զարգացում, գլոբալ մարտահրավերներ, սոցիալական զարգացում և այլն»,- հավելել է նախարարը։











































