Իրաքում դատարանը 24 մարդու մահվան է դատապարտել Թիքրիթի մոտ Շպիխեր նախկին ամերիկյան ռազմաբազայում զինվորականների զանգվածային սպանության գործով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Գերագույն դատական խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Աբդուլ-Սաթթա ալ-Բիրքդարի խոսքով՝ բոլոր դատապարտվածներն իրաքցի են: Բացի դրանցից, նրա խոսքով, այդ գործով հետախուզվում է ևս 604 կասկածյալ:
Associated Press-ի հաղորդմամբ՝ 4 հոգի արդարացվել է ապացույցների բացակայության պատճառով: Բոլոր մեղադրյալները հայտարարել են, որ իրենց խոստովանությունները կտտանքների ճանապարհով են ստացվել:
ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայինները 2014 թ. հունիսին Շպիխեր բազայում մահապատժի են ենթարկել մոտ 1 700 շիա զինծառայողի: Իսլամիստների կողմից Թիքրիթի գրավումից հետո փախչել փորձող զինծառայողներին բռնել ու սպանել են: Զոհերի ընտանիքները ռազմական ղեկավարությանը մեղադրում են, որ սպաները շիաներին խոստացել են, որ նրանք կարող են հանգիստ տուն գնալ: Իսկ իշխանությունները պնդում են, որ զինվորները խախտել են հրամանը՝ բազան առանց զենքի լքելով:








































