Կիպրոսի Լիմասոլ քաղաքից թոշակառուն իր 505 եվրոյի չափով մեկ ամսվա ամբողջ կենսաթոշակն ուղարկել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին՝ որպես այդ երկրի ազգային հիմնադրամում ներդրում: Այս մասին հայտնում է տեղական Cyprus Mail թերթը:
Հաղորդվում է, որ 88-ամյա Օնուֆրիս Միխաիլիդիսը ցանկացել է արտահայտել իր շնորհակալությունը ողջ հույն ժողովրդին:
Կիպրոսցին պատմել է, որ տեսել է հույների լուսանկարները, որոնք ստիպված են ժամերով բանկերի մոտ կանգնել միայն 60 եվրո հանելու համար: Կիպրոսցին աջակցող խոսքերով նամակ է գրել Ցիպրասին, հետն էլ 505 եվրո ուղարկել:
«Պարո՛ն Ցիպրաս, ընդունեք, խնդրում եմ, այդ փոքր գումարը հունական ազգային հիմնադրամի համար: Ես ձեզ հայտնում եմ իմ խոր երախտագիտությունը հույն ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը պահպանելու անդադար ու հերոսական փորձերի համար, ժողովուրդ որը պայքարում է մեր, այսպես կոչված, գործընկերների դեմ»,- ասվում է նամակում:









































