Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է «Մարդու իրավունքների մասին» տարեկան զեկույցը: Թուրքիային առնչվող մասում մեծ կարևորություն է տրվել կոռուպցիայի դեմ Թուրքիայի կառավարության սկսած հետաքննությանը: Զեկույցում ընդգծված է, որ դրա շրջանակներում փոխվել են հազարավոր ոստիկանների ու դատախազների աշխատավայրերը:
Պետդեպարտամենտը ցանկություն է հայտնել, որ տվյալ գործում նվազեցվի անվտանգության ուժերի ազդեցությունը, մեծանա դատական համակարգի անկախությունը: Զեկույցում նշված է, որ Թուրքիայում խնդիրներ կան խոսքի ազատության ու ազատ հանրահավանքեր անցկացնելու հարցում, լրագրողները շարունակ սպառնալիքներ են ստանում:
Զեկույցում կարևորվել է 2013 թվականին Ստամբուլի Գեզի այգու համար բողոքի ակցիաների ժամանակ գրանցված մի շարք դեպքերի, Բերքին Էլվանի մահվան (Բերքին Էլվանը Գեզի այգու համար բողոքի ակցիաների 8-րդ զոհն է, ով մահացավ 2014 թվականի մարտին՝ 269 օր կոմայի մեջ մնալուց հետո-1in.am), Շըրնաքում 34 մարդու զոհվելու փաստերի վրա լույս սփռելը (2011 թվականի դեկտեմբերի 28-ին թուրքական ավիացիան Շըրնաքի նահանգի Ուլուդերե շրջանում հարվածեց քրդերի խմբին՝ նրանց համարելով «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալներ, սակայն ավելի ուշ պարզվել է, որ զոհվածները խաղաղ քուրդ բնակիչներ էին, որոնք մաքսանենգ ճանապարհով Իրաքից ներկրում էին մազութ և ծխախոտ-1in.am):
Զեկույցի համաձայն՝ թեև 2013-2014թթ. տարբեր բողոքի ակցիաների ժամանակ գրանցված տասնյակ զոհերին ու վիրավորներին՝ շատ քիչ ոստիկաններ են կանգնել դատարանի առջև: Զեկույցում նաև ընդգծվում է, որ Թուրքիայում կանայք և ԼԳԲՏ-ի ներկայացուցիչները շարունակում են ենթարկվել բռնությունների ու խտրական վերաբերմունքի:










































