Հունաստանը պետք է մնա եվրոգոտում ՝ կատարելով կառուցվածքային բարեփոխումներ, որոնք պնդում են վարկատուները։ TASS-ի հաղորդմամբ՝ այս դրույթով է ավարտվել ԵՄ 28 պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովում Հունաստանին դեֆոլտից փրկելու խնդրի շուրջ քննարկումը: Գագաթնաժողովը ոչ մի գործնական որոշում չի ընդունել բարեփոխումների ցանկի վերաբերյալ, որոնք Աթենքը պետք է կատարի:
«Եվրոպացի բոլոր ղեկավարները հաստատել են Հունաստանին եվրոգոտում պահելու ձգտումը՝ ընդգծելով Աթենքի կողմից կառուցվածքային բարեփոխումների ծրագրի իրականացման անհրաժեշտությունը: Հունաստանի քննարկումն ավարտվեց: Այն կրում էր զուտ տեղեկատվական բնույթ՝ Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ԵՄ-ին տեղեկացրին Աթենքի և ինստիտուտների (Եվրահանձնաժողով, Եվրոպական կենտրոնական բանկ և ԱՄՀ) բանակցությունների ընթացքի մասին»,- TASS-ին հայտնել է հանդիպման կուլիսներում աղբյուրը:
Եվրախմբի նախագահը և դրա անդամները՝ եվրոգոտու ֆինանսների նախարարները, հավաստել են, որ Հունաստանի և վարկատուների միջև լուրջ տարաձայնությունները մի շարք կետերի շուրջ պահպանվում են: Բանակցությունները շարունակվում են տեխնիկական մակարդակում:
«Եվրախումբը, հնարավոր է, նորից գումարվի շաբաթ օրը (հունիսի 27-ին) արդյունքների ամփոփման համար»,- ասվում է Դեյսելբլումի հայտարարության մեջ, որն այսօր տարածվել է Բրյուսելում:
Եվրախմբի ղեկավարի խոսքով՝ վարկատուներին անհրաժեշտ է գնահատել հունական կառավարության վերջին առաջարկները, քանի որ «դրանք չափազանց ուշ են ստացվել այսօր՝ բառացիորեն եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների նիստից առաջ»: «Միաժամանակ, Հունաստանի իշխանությունների համար դուռը բաց է մնում՝ ընդունելու համար ինստիտուտների ներկայացրած առաջարկները»,- նշել է Դեյսելբլումը:










































