Ոստիկանության աշխատակիցները Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանի մեքենայացված փոստային կենտորնում Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի հասցեին սպառնալիքներով նամակ են հայտնաբերել, ծրարում նաև փամփուշտ է եղել: Այս մասին հայտնում է Il Messaggero թերթը:
Իրավապահ մարմինների տեղեկությամբ՝ նամակի հեղինակը Հռոմի քաղաքապետին առաջարկում է «հանգիստ թողնել մարդկանց, որոնք սոված են, և զբաղվել կողքին գտնվող կաշառակերներով:
Իրավապահներն ուժեղացրել են 60-ամյա Մարինոյի տան հսկողությունը:
Հունիսի սկզբին իտալացի կարաբիներների հատուկ ստորաբաժանումները մաֆիայի դեմ պայքարի մասշտաբային գործողություն են իրականացրել, որի արդյուքնում 44 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ մայրաքաղաքի հայտնի քաղաքական գործիչներ և ձեռնարկատերեր: Հետաքննության վարկածով՝ խոսքը «ճյուղավորված կոռուպցիոն համակարգի» մասին է, որը, մասնավորապես, կապ ունի միգրացիոն հոսքերի վարչության պետական ֆինանսավորման հետ:
Ըստ մի շարք տեղական ԶԼՄ-ների՝ այդ աղմկոտ քաղաքական սկանդալը կասկածի տակ է դրել Հռոմը ղեկավարելու Մարինոյի կարողությունը:
Միլանի ազդեցիկ Corriere della Sera թերթի տեղեկությամբ՝ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին օրերս նեղ շրջանակում ասել է, որ «քաղաքապետն ի վիճակի չէ շարունակել իր գործունեությունը»: Կառավարական պալատը հերքել է այդ տեղեկությունը, բայց տեղացի շատ դիտորդներ չեն բացառում Մարինոյի շուտ հրաժարականը:









































