ՆԱՏՕ-ն ողջունում է Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում ԱՄՆ ռազմական տեխնիկայի տեղակայումը՝ այդ միջոցառումը համարելով պաշտպանողական և դաշինքի միջազգային պարտավորություններին համապատասխան: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«Այդ ծանր զենքը զորավարժությունների համար է: Մենք անցած աշնանը որոշեցինք ավելացնել զորավարժությունների թիվը, մենք պետք է ուժեղացնենք մեր երկրների պատրաստականությունը: Ես ողջունում եմ ԱՄՆ որոշումն ինչպես ուժերի նախնական տեղակայման, այնպես էլ՝ հիմնական հզորությունների՝ օդում վերալիցքավորման, օդով փոխադրման և հատուկ գործողությունների իրականացման համար ուժերի տրամադրման վերաբերյալ: Դա պաշտպանողական բնույթ ունի, դա անհրաժեշտ պատասխան է նրան, ինչ մենք երկար ժամանակ տեսնում ենք Ռուսաստանի կողմից»,- լրագրողներին ասել է Սթոլթենբերգը:
Մեկնաբանելով ռուսական սահմանների մոտ զորավարժություններին ու ռազմական տեխնիկայի տեղակայմանը Ռուսաստանի արձագանքը՝ Սթոլթենբերգն ասել է. «ՆԱՏՕ-ն պաշտպանողական դաշինք է, այն, ինչ մենք անում ենք, պաշտպանողական բնույթ ունի, համաչափ է և լիովին համապատասխանում է մեր միջազգային պարտավորություններին»:







































