«Եթե անգամ չկիսեի ցուցարարների կարծիքը, երեկ լուսադեմին տեղի ունեցած զարհուրելի միջադեպից հետո, իմ պարտքն եմ համարում լինել նրանց կողքին, և դա է պատճառը, որ ես այստեղ եմ և կլինեմ այստեղ՝ անկախ որևէ բանից։ Շատ երջանիկ եմ մեր երիտասարդության համար։ Արդեն զգացվում է, որ մեր հասարակության մեջ որոշակի մտայնություն է փոխվում։ Մի սերունդ կա, որ չի կարող հանդուրժել անարդարություն և մարդու արժանապատվության ոտնահարում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, ով այս պահին միացել է Բաղրամյան պողոտայում ցուցարարներին։
Անդրադառնալով ոստիկանության կողմից երեկ լուսադեմին կիրառված բռնությանը՝ Նարինե Թուխիկյանը նշեց, որ այստեղից մեկ հետևություն կարելի է անել՝ մեր ոստիկանությունը դեռ ֆեոդալիզմի դարաշրջանում է և կարծում է, որ բրիկադներից այս կողմ կանգնած է թշնամի մի ժողովուրդ, այնինչ այդպես չէ։
«Սա շատ ցավալի և զզվելի բան էր, որը էլ ավելի բարկացրեց նրանց, ովքեր դեռ կիսաքուն վիճակում էին»,-ասաց նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։







































