Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, ով միացել է ցուցարարներին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ժողովուրդը դրել է պայմաններ իշխանության առաջ։ Նրա խոսքով՝ այն մարդիկ, ովքեր իրենց կոչում են իշխանություն, չկատարեցին այդ պայմանները՝ գիշերը դիմելով բիրտ ուժի և սադրանքների, ինչին ի պատասխան մենք այսօր տեսնում ենք բողոքի այս նոր ալիքը, որը դրել է նույն պայմանները։ «Այն անձինք, ովքեր իրենց կոչում են իշխանություն, պետք է հասկանան՝ պետք է կատարեն ժողովրդի պահանջները, կամ ժողովուրդը իրենց կստիպի կատարել այդ պահանջները»,-ասաց նա։
«Այսօր մենք տեսնում ենք երկու-երեք անգամ ավելի ժողովուրդ, քան երեկ, այսինքն՝ ժողովուրդը ցույց է տալիս, որ այդ մտավախություններից չի մտավախվում։ Ժողովուրդը որոշում է այս պահին կայացրել մնալ այստեղ, դրանից հետո ինչ որոշում կկայացնի ժողովուրդը, կախված է ժողովրդից։ Ժողովուրդը ի կատար է ածելու իր իշխանությունը»,-հավելեց Արգիշտի Կիվիրյանը՝ հավելելով, որ եթե դու տարիներ շարունակ պայքարում հաջողություններ չես ունեցել, դա չի նշանակում, թե դու պետք է դադարես պայքարել, դու պետք է մշտապես շարունակես պայքարել։
Նրա խոսքով՝ այս շարժումը քաղաքական շարժում է.«Չեմ կիսում այն հայտարարությունը, թե սա քաղաքական պայքար չէ, սա հենց քաղաքական պայքար է, իսկ թե այս կամ այն կուսակցությունները կիմանան, թե չեն միանա պայքարին, իրենց որոշելիքն է»։









































