Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական Բրիդլինգթոն քաղաքի (Արևելյան Յորքշիր կոմսություն) բնակիչ Կառլ ՄաքԿոյդը որոշել է հեռացնել ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի պատկերով դաջվածքները: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ երգչուհին քննադատել է այդ դաջվածքները:
42-ամյա Կառլ ՄաքԿոյդը Սայրուսի պատկերով առաջին դաջվածքն արել է 2010 թվականին՝ կնոջից ամուսնալուծվելուց հետո: Ներկա դրությամբ նրա մարմնին հաշվվում է 29 դաջվածք: Դրանց վրա տղամարդը ծախսել է 2800 ֆունտ սթեռլինգ (մոտ 4500 դոլար):
ՄաքԿոյդը որոշեց դաջվածքների մի մասը վերացնել, երբ Սայրուսն իր հարցազրույցներից մեկում դրանք որակեց որպես տգեղ և ահարկու: Նա հայտարարել էր. «Կա մի մարդ, ով իմ պատկերով դաջվածքների թվով ռեկորդ է սահմանել: Նա ունի 18 դաջվածք, և դրանք իսկապես տգեղ են»:
ՄաքԿոյդը հույս է հայտնել, որ դաջվածքներից ձերբազատվելն իրեն կօգնի գտնել նոր ընկերուհի:










































