Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունեցել Թուրքիայի 25-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, որի ժամանակ պատգամավորները երդվել են: Այդ արարողակարգին ներկա է եղել նաև երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Նիստի ժամանակ խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը իր գործառույթները հանձնել է խորհրդարանի ժամանակավոր նախագահ Դենիզ Բայքալին, ով ամենատարեց պատգամավորն է (77 տարեկան): Բայքալը հայտարարել է, որ խորհրդարանը շատ բան է վերապրել 1960 և 1980 թվականների ռազմական հեղաշրջումներից հետո, ինչը եռամյա դադարների և մեծ հիասթափության պատճառ է դարձել:
Բայքալի խոսքերով՝ եթե չլինեին այդ դադարները, ապա այսօր պատկերը կլիներ կատարելապես այլ: Ջեմիլ Չիչեքն իր հերթին հայտարարել է, որ խորհրդարանը պետության առավել հիմնարար մարմինն է: Խորհրդարանի առաջին նիստին ներկա է գտնվել նաև վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ով սակայն չի հայտնել, թե ով է լինելու խորհրդարանի նախագահի պաշտոնում իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն:







































