Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հիմնադիրներից, ներկայումս քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) ներկայացուցիչ Միր Մեհմեթ Ֆըրաթն ուշագրավ հայտարարություն է արել:
Սրանից առաջ նա հայտարարել էր, որ ԱԶԿ-ի ներսում ստեղծվում է նոր կուսակցություն, իսկ այժմ հայտարարել է, որ այդ սցենարը կանխելու համար պետք է փոխվի ԱԶԿ-ի նախագահը: Այսինքն՝ ԱԶԿ-ի նախագահի պաշտոնում Ահմեթ Դավութօղլուին փոխարինելու է երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Բացի դրանից՝ ԱԶԿ-ականների մի մասի կողմից նոր կուսակցության ստեղծումը կանխելու համար թույլատրվելու է քաղաքականություն «երեք արգելքի տակ ընկած» ԱԶԿ-ականների վերադարձը (ԱԶԿ-ի ներքին կանոնադրության համաձայն՝ կուսակցության անդամն իրավունք չունի երեք անգամից ավելի դառնալ պատգամավոր, ինչի համար էլ ԱԶԿ-ի ավելի քան 70 ներկայացուցիչներ այս տարվա խորհրդարանական ընտրություններում չկարողացան առաջադրվել):
Միր Մեհմեթ Ֆըրաթի խոսքով՝ ներկայումս ԱԶԿ-ի ներսում քննարկվում է կուսակցության նոր նախագահի ու երկրի վարչապետի պաշտոնների հարցը: Ֆըրաթն ուշադրություն է հրավիրել, որ Էրդողանը ցանկանում է, որ ԱԶԿ-ն կոալիցիա ձևավորի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) հետ, մինչդեռ Դավութօղլուն ցանկանում է կոալիցիա ձևավորել «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) հետ: Բացի դրանից՝ Էրդողանը ընտրություններում ԱԶԿ-ի ձախողման համար հիմնական պատասխանատու է համարում Դավութօղլուին:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ապրիլի վերջին Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ հենց ինքն է հանդիսանում Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հիմնական հիմնադիրը. «ԱԶԿ-ի հիմնական հիմնադիրը ես եմ: ԱԶԿ-ի կողմից առաջ քաշված թե՛ առաջին վարչապետը, թե՛ առաջին նախագահը եղել եմ ես: Ինչ անենք, որ նախագահության ավարտից հետո չեմ զբաղեցնում որևէ պաշտոն: Ընկերներիս հաջողությունից բացի՝ որևէ այլ բան չեմ ցանկանում»:









































