Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Հարություն Նազարյանի գործի դատական քննությունը:
31-ամյա Հարությունը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝ տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, ինչի արդյունքում տուժողը մահացել է:
Հարությունը կալանքի տակ է հենց դեպքի օրից՝ 2014 թվականի մայիսի 25-ից: Իսկ գործով տուժողը Հարությունի… տատիկն էր…
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մայիսի 25-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Հարությունը Չարենցավանում գտնվող բնակարանում իր տատիկի՝ Հասմիկի առողջությանը դիտավորությամբ պատճառել է հետևյալ վնասվածքները՝ գլխի, աջ այտի շրջանի սալջարդ վերքեր, աջ քունքային, աջ այտային, աջ ակնակապիճի վերին ու ստորին կոպերի, աջ ակնագնդի սպիտակուցաթաղանթի, նախաբազուկների արյունազեղումներ, աջ ուսագոտու շրջանի, աջ սրունքի քերծվածքներ, գլխի փափուկ հյուսվածքների ներսային մակերեսի, ուղեղի փափուկ թաղանթների, ուղեղանյութի արյունազեղումներ, աջ առպատային թոքամզի, աջ թոքի պատռվածքներ, կրծքավանդակի շրջանում կողոսկրերի, ձախ նախաբազկի ոսկրերի փակ կոտրվածքներ: Հեղուկ արյան առկայություն է արձանագրվել տուժողի ուղեղի փորոքներում, աջ պլևրալ խոռոչում:
Ստացած վնասվածքների հետևանքով տուժողը մահացել է:
Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ մահվան պատճառ դարձած վնասվածքները չէին կարող առաջանալ անկողնուց տատիկի վայր ընկնելու հետևանքով…
Հարություն Նազարյանը մեղսագրված արարքի համար իրեն մեղավոր չի ճանաչել:
Նա հայտնել է, թե դեպքի օրվա կեսօրին կնոջ ու դստեր հետ մեկնել է Մայակովսկի գյուղ՝ «ուխտի» արարողությանը մասնակցելու համար:
Մինչև ժամը 19-ն անց 30-ը մնացել են կնոջ քրոջ տանը, որտեղ հաց են կերել, ինքը խմել է 6 բաժակ օղի: Հետո պատահական տաքսիով վերադարձել են Չարենցավան:
Մտնելով տուն՝ ինքը գրկել է տատիկին, համբուրել է, որից հետո բնակարանում գազի հոտ է զգացել, բացել է պատուհանները, որ տունն օդափոխի:
Տատիկից իմացել է, որ իրենց բացակայության ընթացքում հորեղբոր դուստր Լիլիթը եկել է իրենց բնակարան ու լողացել է: Ինքը զայրացել է, զանգել է հորեղբոր աղջկան, հարցրել է՝ նա տեղյակ չէ՞ր, որ ինքը խողովակներն ու ծորակները փոխել է, դրանք սխալ է բացել-փակել, ինչի արդյունքում իրենց բնակարան շմոլ գազ է լցվել:
Այդ խոսակցությունից հետո հորեղբոր աղջիկն իրենց տուն է եկել, քիչ անց եկել է նաև նրա մայրը: Վերջինս անվայել խոսքեր է ասել իր ու մոր հասցեին:
Այդ խոսքերից ինքը վիրավորվել ու բարկացել է, իրենց միջև վեճ է առաջացել:
Վիճաբանությանը միջամտել է իր կինը, ում ինքը ապտակել ու պահանջել է, որ նա երեխայի հետ տնից դուրս գնա՝ մաքուր օդ շնչելու:
Հորեղբոր կինը նորից վիրավորական արտահայտություններ է արել մոր հասցեին: Ինքը ապտակել է նրան: Այդ կինը հարձակվել, ճանկռել է իր վիզն ու դեմքը: Հորեղբոր աղջիկը փորձել է բաժանել իրենց: Հորեղբոր կինն աթոռը նետել է իր վրա: Ինքը հոգեկան խառը վիճակով մտել է խոհանոց, բաժակ է վերցրել ու շպրտել: Թե բաժակն ուր է ընկել, չի կարող ասել:
Հետագա վիճաբանությունից խուսափելու համար ինքը մտել է ննջասենյակ, իսկ հորեղբոր կինն ու աղջիկը մնացել են հյուրասենյակում:
Քիչ անց ինքը ծխելու համար գնացել է պատշգամբ: Երբ վերադարձել է, նկատել է, որ տատիկն ընկած է հյուրասենյակի հատակին՝ գլխի շրջանում՝ արյուն:
Ինքը տնից դուրս է եկել, որ օգնություն կանչի, բայց այդ ժամանակ իրեն են մոտեցել ոստիկանները ու խփել են, իր նկատմամբ բռնություն են գործադրել և իրեն տարել են բաժին:
Այնտեղ նույնպես իր նկատմամբ բռնություն են գործադրել, ստիպել են, որ մեղքն ընդունի: Սակայն ինքը ինքնախոստովանական ցուցմունքներ չի տվել, իր նկատմամբ գործադրված ճնշումների մասին էլ չի բարձրաձայնել:
Իր և հորեղբոր կնոջ վիճաբանության ժամանակ տատիկը խնդրել է, որ իրենք չվիճեն, բայց նա չի միջամտել, հարվածներ չի ստացել: Թե ինչպես է իր արյունը հայտնվել տատիկի ձեռնափայտի ու կաթսայի վրա, իր համար անհասկանալի է:
Տուժողի իրավահաջորդը հայտնել է, թե Հարությունն իր քեռու որդին է, տուժողը՝ իր տատիկը: Վերջինս մոտ տասը տարի ապրել է իրենց հետ, իրենք են նրան խնամել:
2013 թվականին տատիկը տեղափոխվել է իր բնակարան ու ապրել է Հարությունի ընտանիքի հետ: Նա գոհ է եղել Հարությունի վերաբերմունքից:
Երբ իր մայրը վերադարձել է ՌԴ-ից, իրենք ցանկացել են տատիկին նորից իրենց տուն տանել, բայց տատիկը հրաժարվել է, ասել է, թե Հարությունն իրեն լավ է վերաբերվում:
2014 թվականի մայիսի 25-ին իրեն զանգել է մյուս քեռու դուստրը, խնդրել է, որ ինքը շտապ գնա տատիկի տուն, ասել է, թե տատիկը արնաշաղախ վիճակում է: Ինքը անմիջապես մեկնել է Չարենցավան: Մոտ տասը րոպեից տեղ է հասել, տատիկի բակում տեսել է շտապօգնության մեքենան: Տատիկին պատգարակով տեղափոխել են այդ մեքենա: Ինքը վախեցել է նրանց հետ հիվանդանոց գնալ, գնացել են քեռու կինն ու հարևանուհին:
Ինքը քեռու աղջկանից իմացել է, որ այդ օրը վիճաբանություն է եղել նրա, նրա մայրիկի ու Հարությունի միջև՝ տատիկի տանը լողանալու պատճառով, ու Հարությունը սպանել է տատիկին:
Ինքը չի հավատացել, քանի որ իր կարծիքով՝ Հարությունն ընդունակ չէ նման արարք կատարելու, բացի այդ՝ Հարությունի ու տատիկի հարաբերությունները միշտ լավ են եղել:
Հետո ինքը նորից զրուցել է քեռու աղջկա հետ, նա ասել է, թե ուզում է իր ցուցմունքը հետ վերցնել, որովհետև խղճում է Հարությունին, նա մանկահասակ երեխա ունի:
Տուժողի իրավահաջորդը Հարությունին քաղհայցի պահանջ չի ներկայացրել:
Վկա Լիլիթը հայտնել է, թե Հարությունի հորեղբոր դուստրն է, տուժողն իր տատիկն էր:
Դեպքի օրը տատիկը զանգահարել է իրեն, խնդրել է, որ այցելի ու մաքուր հագուստ հագցնի:
Ինքը գնացել է տատիկի տուն, նրան մաքուր շորեր է տվել ու նրա առաջարկով լողացրել է նրան:
Որոշ ժամանակ հետո Հարությունը զանգել ու իրեն մեղադրել է, որ տատիկի տանն ինքը լողացել է, ծորակները սխալ է բացել-փակել, տուն շմոլ գազ է լցվել, երեխան հիմա խեղդվում է այդ գազի հոտից:
Ինքը գնացել է տատիկի տուն, Հարությունը նորից դժգոհել է, որ ինքը լողացել է նրանց տանը:
Քիչ հետո եկել է իր մայրը, վիճաբանություն է սկսվել: Հարությունը քաշել է իր մազերից, հարվածել է իր մորը:
Ննջասենյակից հյուրասենյակ է եկել Հարությունի կինը, միջամտել է, փորձել է հանգստացնել ամուսնուն ու վերջինիս տարել է խոհանոց:
Ինքն ու մայրը վախեցել են, որ Հարությունը խոհանոցից կարող է դանակ վերցնել ու հարձակվել իրենց վրա, հեռացել են:
Իրենք են զանգել ոստիկանություն : Երբ նորից գնացել են տատիկի տուն, տեսել են, որ տատիկն արյունոտ վիճակում է:
Վկան ասել է, որ ինքը Հարությունի ձեռքին դանակ չի տեսել: Ինչ է տեղի ունեցել տատիկի տանը իրենց հեռանալուց հետո, չգիտի:
Այս վկայի մայրը հայտնել է, որ Հարությունը վիճել է իրենց հետ, ասել է, թե ամեն մի անբարոյական իրենց տանը չպետք է լողանա…
Իրենց վեճի ժամանակ տատիկը փորձել է սաստել Հարությունին, ասել է, թե ինչքան նա է իր թոռը, նույնքան էլ՝ Լիլիթը: Հարությունն ասել է. «Ա՛յ պառավ, ձենդ կտրի»…
Ինքն ու դուստրը վախեցել են, երբ կինը Հարությունին տարել է խոհանոց, մտածել են, որ Հարությունը կարող է դանակ վերցնել, ու հեռացել են բնակարանից, զանգել են ոստիկանություն:
Երբ նորից սկեսուրի բնակարան են մտել, տեսել են, որ տատիկի դեմքն արյունոտ է, տատիկը, ուշքի գալով, ասել է. Էդ թաղածը տեսա՞ր՝ ինչ արեց, ձեռքս կոտրեց…»:
Հիվանդանոցի ճանապարհին տատիկը նորից ասել է, թե Հարությունը կոտրել է իր թևը:
Վկան նշել է, որ իր ներկայությամբ Հարությունը տատիկին չի հարվածել, բայց Հարությունի հարվածներից իր մարմնի վրա կապտուկներ են առաջացել…
Դատարանը տարբեր ապացույցների, այդ թվում՝ տատիկի ձեռնափայտի ու կաթսայի վրա Հարությունի արյան հետքերի առկայության, մանրաթելային փորձաքննության արդյունքների համակցությամբ հաստատված է համարել Հարություն Նազարյանի մեղքը՝ տատիկին դիտավորությամբ ծանր վնասվածքներ հասցնելու համար, ինչի արդյունքում տատիկը մահացել է:
ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով մեղավոր ճանաչելով Հարություն Նազարյանին՝ ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել է 7 տարի ազատազրկման:
Հարություն Նազարյանից հօգուտ պետբյուջեի, որպես դատական ծախսեր, կբռնագանձվեն փորձաքննությունների համար ծախսված գումարները՝ 180 հազար 452 դրամ և 84 հազար 272 դրամ:
Պատժի սկիզբը՝ 2014 թվականի մայիսի 25-ից:




































