Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես մտածում է` ինչպես վերականգնել ԽՍՀՄ-ը, որի մասնատումը նա համարում է անցյալ դարի մեծագույն ողբերգությունը: Դա թույլ չտալու բանալին Ուկրաինայի և Արևմուտքի միությունն է, ինչպես նաև զարգացման արևմտյան մոդելը ռուսների համար գրավիչ մնալու միջոցը: Այս մասին Բրատիսլավայում Globes 2015 անվտանգության ֆորումի ժամանակ հայտարարել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:
«Ես վստահ եմ, որ Պուտինն ամեն օր պառկելով քնելու, մտածում է` ինչու տապալվեց Խորհրդային Միությունը և կարող է ինքն այն վերականգնել: Շատ ռուսներ նաև մտածում են, որ դա դժբախտություն էր, քանի որ նրանք չեն կարողանում գնահատել զարգացման այլ ուղու առավելությունները»,- նշել է Կոմորովսկին:
Նրա խոսքերով` Արևելքում բացասական սցենարի և Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության իրականացումը թույլ չտալու բանալին է Ուկրաինայի ապագան` բացի նավթի ցածր գներից և ԵՄ-ի վճռորոշ դիրքորոշումից:
Նա հավելել է, որ Եվրոպան պետք է գրավիչ մնա Ռուսաստանի համար, որպեսզի «Պուտինի հաջորդը ցանկանա զարգացնել Ռուսաստանը՝ ոչ թե կայսրություն կառուցել», քանի որ «Պուտինն ինքը գիտակցաբար պատրաստ չէ վերադառնալ երկրի զարգացման նման տեսություններին»:









































