«Չեմ կարծում, որ արդեն կա մի առարկայական ձեռքբերում, որի շուրջ պետք է որոշակի լուծում տրվի: Այս փուլում դեռևս պարզ չէ, թե որ խնդիրներն են քննարկվել, և որոնց են լուծում տրվելու»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, թե քննարկվել են հետագա քայլերը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող բազային սկզբունքների համաձայնության հասնելու շուրջ:
Համանախագահների հայտարարության մեջ նշվում է նաև, որ տարածաշրջանային այցի ընթացքում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի նախագահների և ԼՂ դե ֆակտո գոյություն ունեցող իշխանությունների հետ:
Բոզոյանի գնահատմամբ, միջնորդների նման «նրբանկատ» ձևակերպումները պայմանավորված են նրանով, որ վերջիններս հաշվի են առնում կողմերի դիրքորոշումները և այդկերպ ցանկանում են անել հնարավորինը, որ լարվածություն չլինի:
Քաղաքագետը նաև դրական է գնահատում ԵԽ կոչերը անդամ երկրներին` չճանաչված պետությունների հետ հարաբերությունները ակտիվացնելու վերաբերյալ.
«Կարծում եմ` միջնորդները հաշվի են առել նաև այդ հանգամանքը և փորձել են ընդհանուր միջինացված կոմպրոմիսային տարբերակ գտնել, որպեսզի կարողանան բոլոր շահագրգիռ կողմերին ինչ-որ մի ընդհանուր հայտարարի բերել»:











































