Ամերիկյան The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Իրանական ազգային նավթային ընկերության փոխնախագահ Ալի Կարդորը հայտարարել է, որ երկրի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների վերացման ակնկալիքների պայմաններում Իրանը պատրաստվում է արևմտյան նավթագազային ընկերություններին ներկայացնել նոր, բարելավված պայմանագրեր:
Կարդորի խոսքերով` Իրանը պատժամիջոցների վերացումից հետո առաջարկներ կներկայացնի արևմտյան նավթագազային հսկաներին, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցել իրանական նավթի արդյունահանման գործընթացին:
Իրանական կողմը դեռ չի հրապարակել այդ պայմանագրերի մանրամասները, սակայն Կարդորը հայտնել է, որ Իրանը մտադիր է ընդառաջ գնալ օտարերկրյա ընկերություններին` հանուն առավել խորը համագործակցության ու հանքավայրերի առավել վաղ մշակման փուլերում համատեղ ձեռնարկություն ստեղծելու:
Հունիսի 17-ին Իրանի խորհրդարանը երկրի կառավարությանը կոչ է արել «Վեցյակի» հետ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ստորագրել այնպիսի համաձայնագիր, որը կնախատեսի երկրի դեմ նախկինում սահմանված միջազգային բոլոր պատժամիջոցների (ՄԱԿ-ի ԱԽ, ԱՄՆ, ԵՄ) անմիջական վերացում:
Ժամանակին Իրանում ակտիվորեն գործել են առաջատար միջազգային ընկերություններ: Ամերիկացիները հարկադրված են եղել Իրանից հեռանալ 1979 թվականին այդ երկրում իրականացված Իսլամական հեղափոխությունից հետո, իսկ եվրոպական ընկերությունները` 2010 թվականին, երբ խստացվեց Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը:
Իրանի նավթի ու գազի պաշարների նկատմամբ (համապատասխանաբար՝ 4-րդ և 1-ին տեղն աշխարհում) ուշադրությունը վերստին մեծացավ ակնկալվող միջուկային գործարքի շրջանակներում, որի համար որպես վերջնաժամկետ է սահմանվել հունիսի 30-ը: Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Ամիր Զամանինիի խոսքերով` երկրում անհրաժեշտ է առնվազն 185 միլիարդ դոլար` առաջիկա վեց տարում երկրի էներգետիկ ոլորտում ներդրումներ անելու համար:







































