Ինչպես և հայտարարվել էր նախապես, այսօր Գյումրիում ևս անցկացվեց բողոքի հավաք, երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Այն մեկնարկեց Գյումրիի թատերական հրապարակից: Մինչ երթը, նախ Թատերական հրապարակում ելույթներով հանդես եկան «Ոչ թալանին» նախաձեռնության՝ Գյումրիի համակարգողները` քննադատելով էլեկտրաէներգիայի թանկացումը:
Ապա արդեն ցուցարարներն ու երթի մասնակիցները, «Ոչ թալանին», «Վառիք թողիք» , «Ոչ լույսի թանկացմանը» և այլ պաստառներ պարզած, քայլեցին դեպի Շիրակի մարզպետարան: Երթի ընթացքում տեղի ունեցավ բախում մասնակիցների ու իրավապահների միջև՝ կապված այն հանգամանքի հետ, որ ցուցարարների համար արտոնվեց քայլել միայն մայթերով, սակայն վերջիններս կարողացան ճեղքել ոստիկանների շարքը և շարժվել դեպի մարզպետարան:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հայտնեցին, որ սպասում են երևանյան հանրահավաքի որոշումներին՝ վստահեցնելով, որ պատրաստ են միանալ ցանկացած նախաձեռնության:








































