Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության փոխանցմամբ՝ հյուսիսկորեական «Կիմդան-2» դեղամիջոցը փրկում է Էբոլա վիրուսից, մերձավորարևելյան շնչառական MERS կորոնավիրուսից և ՁԻԱՀ-ից։
«Այնպիսի վտանգավոր վիրուսային ինֆեկցիաները, ինչպիսիք են SARS-ը (ատիպիկ թոքաբորբ), Էբոլան և MERS-ը, կապ ունեն իմունային համակարգի հետ, այդ իսկ պատճառով դրանք հեշտությամբ ենթարկվում են «Կիմդան-2»-ով բուժման, որը վերականգնում է իմունիտետը»,- գրում է հյուսիսկորեական գործակալությունը։
Դեղամիջոցն իրենից ներկայացնում է կորեական ժենշենի և հազվագուտ հանքային միկրոտարրերի լուծույթ։
Associated Press-ը հիշեցնում է, որ 2006 և 2013թթ. թռչնագրիպի բռնկման տարիներին Հյուսիսային Կորեան գովազդել է 1996 թվականին ստեղծված այդ դեղամիջոցը։
Այդ դեղամիջոցի արդյունավետության մասին հաղորդագրությունները հայտնվել են Հարավային Կորեայում MERS կորոնավիրուսի բռնկման ֆոնին, որտեղ հիվանդությամբ վարակվել է 166 մարդ, մահացել՝ 24-ը։









































