Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, վաղը Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի արտգործնախարարներ Ահմեթ Դավութօղլուն, Էլմար Մամեդյարովն ու Ալի Աքբար Սալեհին իրանական Ուրմիա քաղաքում ստորագրելու են մաքսային ոլորտում համագործակցության մասին հուշագիրը: Դա նոր խթան կհանդիսանա երեք երկրների միջև առևտրային կապերի ընդլայնման համար:
Նշվում է, որ այդ եռակողմ հանդիպումը նպաստելու է երեք երկրների մաքսային անցակետերում առկա որոշ խնդիրների հաղթահարմանը և երեք երկրների միջև մաքսային ու առևտրային ընթացակարգերի պարզեցմանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի արտգործնախարարները միմյանց արդեն հանդիպել էին նախորդ տարվա դեկտեմբերին Ստամբուլում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողովում: