MK-Turkey-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ը, գնահատական տալով Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններին, ընդգծել է բարձր կազմակերպվածությունն ու ընտրազանգվածի ակտիվությունն անգամ Դիարբեքիրի պայթյուններից հետո:
Դրա հետ մեկտեղ ԵԱՀԿ-ն ընդգծել է, որ Էրդողանն ակնհայտորեն խախտել է նախագահի անկողմնակալության մասին սահմանադրության հոդվածը՝ մասնակցելով ընտրական կամպանիային:
ԵԱՀԿ դիտորդները քննադատել են Էրդողանին՝ անկողմնակալությունը խախտելու, ինչպես նաև մամուլի ազատությունը սահմանափակելու համար.
«Չնայած նրան, որ Սահմանադրությունը նրան պարտավորեցնում է լինել անկուսակցական, նա մասնակցել է նախընտրական մի շարք միջոցառումների՝ հօգուտ իշխող կուսակցության, և քննադատել է ընդդիմադիրներին»: ԵԱՀԿ դիտորդները Թուրքիայի խորհրդարանին կոչ են արել վերանայել 10 տոկոսանոց ընտրաշեմը՝ գտնելով, որ այն սահմանափակում է քաղաքական բազմակարծությունը:
Ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ հիմնական զեկույցը պատրաստ կլինի երկու ամսում:









































