Ադրբեջանական 1news.az կայքի փոխանցմամբ, ադրբեջանական սպաներն ապրիլի 18-ից մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում մասնակցելու են ԱՄՆ-ի Սան Անտոնիո քաղաքում կայանալիք դասընթացներին: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում կայանալու է երկկողմանի ռազմական համագործակցության մասին կոնֆերանս:
Իսկ ահա Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նշված է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված ռազմավարական համաձայնագրի շրջանակներում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի սպաներն ապրիլի 18-29-ը Իզմիրում մասնակցելու են ռազմաօդային ուժերին առնչվող տերմինների դասընթացներին:
Նույն ժամանակահատվածում Ստամբուլում կայանալու են զանգվածային ոչնչացման զենքից (ԶՈԶ) պաշտպանվելու սպայական դասընթացները, իսկ հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Յալովայում` ծովային տերմինաբանության կատարելագործման դասընթացները:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին թուրքական խորհրդարանը վավերացրեց 2010 թվականի օգոստոսի 16-ին կնքված և դեկտեմբերի 22-ին Ադրբեջանի խորհրդարանի կողմից վավերացված՝ թուրք-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին պայմանագիրը, իսկ մարտի վերջին էլ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն իր ստորագրությամբ հաստատեց այն: